Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման մասին որոշումը

Ավելի վաղ բլոգերի բողոքը մերժել էր Մինսկի քաղաքային դատարանը։
Ինչպես հաղորդում է բելառուսական Sputnik-ը, ինքը՝ Լապշինը, ներկա չէր դահլիճում։ Նրա կինը՝ Եկատերինան, ասել է, որ «երբ ավարտվի բելառուսական փուլը, իրենք շարունակելու են պայքարը Ադրբեջանում»։
Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր անցյալ տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումով, որտեղ նա ներառված է սև ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ադրբեջանը բլոգերին հայտարարել էր միջազգային հետախուզություն «Պետական սահմանի մասին» օրենքի և Միգրացիոն օրենսգրքի խախտման համար։ Անցյալ շաբաթ Մինսկում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով Լապշինի մասին հարցին, զարմանք է հայտնել, որ նա «մինչև հիմա» Մինսկում է։ Նրա խոսքով՝ Բելառուսը բլոգերին չարտահանձնելու համար «հիմքեր չունի», և դա անելու է միջազգային համաձայնագրերի համաձայն։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Գերագույն դատարանը կսատարի որոշմանը։ Նա նաև ասել է, որ «եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մեկ մազ անգամ չի ընկնի»։