Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

20 մայիս 2017 10:45

«168 ժամ». Ալիեւը կարող է ինքնասպանություն գործել

 

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը։

Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խումբը (գրեթե զուգահեռաբար՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը) իրերը կոչեց իրենց անուններով եւ առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից։ Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որն ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար։

Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար։

Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։

Կարեւորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների։

Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետեւություններ անել եւ տեղափոխվել ռացիոնալ դաշտ։ Բացառված չէ, որ Ալիեւն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով։ Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր