Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար          Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր       Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում    

26 օգոս 2017 14:00

5 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել հաստ աղիքի քաղցկեղի մասին

 

5 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել հաստ աղիքի քաղցկեղի մասինԿոլորեկտալ քաղցկեղը քաղցկեղի բոլոր տեսակներից տարածվածությամբ երրորդն է աշխարհում: Քաղցկեղի այս տեսակի ախտանշանները չեն լինում վառ արտահայտված և հաճախ հիվանդությունն աննկատ է մնում բավական երկար ժամանակ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաստ աղիքի քաղցկեղի 5 արտասովոր ախտանշան, որոնք մարդիկ շատ հաճախ անտեսում են:

1.      Ստամոքսի սպազմներ 

Նման սպազմները կարող են կապված լինել առողջական այլ խնդիրների հետ, ուստի շատերն անուշադրության են մատնում այս ախտանշանը: Սա իհարկե չի նշանակում, որ հարկավոր է խուճապի մատնվել, սակայն անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել առողջության հանդեպ և ուժեղ ու անբացատրելի ցավերի դեպքում բուժզննում անցնել:

2.      Հոգնածության զգացում 

Շատ հաճախ հոգնածության մշտական զգացումը պայմանավորված է լինում քնի պակասով, սակայն եթե մարդը մշտապես հոգնած է նույնիսկ առողջ քնի ու հանգստի դեպքում, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Հարկ է հիշել, որ քաղցկեղի բջիջները վատնում են մարդու էներգիան ու առաջացնում են արյան կորուստ, ինչն էլ դառնում է հոգնածության պատճառ:

3.      Քաշի կտրուկ կորուստ

Քաղցկեղի տարածված ախտանշաններից մեկն է քաշի կտրուկ ու անբացատրելի կորուստը, ինչը ենթադրում է, որ մարդն առանց ջանք գործադրելու 6 ամսում կորցնում է մարմնի ընդհանուր զանգվածի 5%-ը (օրինակ՝ եթե 68 կգ քաշի դեպքում մարդը 6 ամսում կորցնում է 3-4 կգ, ապա դա համարվում է «քաշի անբացատրելի կորուստ»): Սա պայմանավորված է նրանով, որ քաղցկեղի բջիջներն օգտագործում են մարմնի էներգիան և իմունային համակարգը ստիպված է ավելի շատ աշխատել՝ հիվանդության տարածումը կանխելու համար: Էներգիայի նման վատնումը հանգեցնում է քաշի կորստի:

4.      Աղիների աշխատանքի փոփոխություններ

Մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում աղիների աշխատանքի փոփոխություններին, մինչդեռ դա կարող է շատ կարևոր ախտանշան լինել: Աղիներում կարող են բջիջների փոքրիկ փնջեր՝ պոլիպներ առաջանալ, որոնք հետագայում վերածվում են չարորակ ուռուցքի և սկսում ազդել աղիների աշխատանքի վրա: Կոլորեկտալ քաղցկեղի մասին կարող են վկայել փորկապությունը, փորլուծությունը կամ աղիների աշխատանքի որևէ այլ նկատելի փոփոխությունը:

5.      Արյունոտ կղանք 

Այս հարցը կարող է շատերի համար ամոթալի լինել, ինչի հետևանքով էլ հաստ աղիքի քաղցկեղը կարող է երկար ժամանակ չախտորոշվել: Արյունոտ կղանքը կամ ուղիղ աղիքի արյունահոսությունը կարող են վկայել հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի մասին, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին:

Ինչպես նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը 

1.      Ուտել սեզոնային մրգեր, բանջարեղեն ու հացահատիկեղեն 

Ամբողջական հացահատիկի, մրգերի ու բանջարեղենի գործածությունը նվազեցնում է քաղցկեղի այս տեսակի առաջացման հավանականությունը, մինչդեռ վերամշակված միսն ունենում է հակառակ ազդեցությունը:

2.      Պարբերաբար վարժություններ կատարել

Վարժություններն ու ֆիզիկական ակտիվությունը նույնպես նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը: 

3.      Հրաժարվել ծխախոտից

Ծխախոտի չարաշահումը շատ վտանգավոր է և նպաստում է քաղցկեղի տարբեր տեսակների՝ այդ թվում նաև հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հետ:

4.      Ազատվել ավելորդ քաշից

Բացի այն, որ ճարպակալումը բարձրացնում է հաստ աղիքի առաջացման հավանականությունը, այն նաև մեծացնում է այդ հիվանդության հետևանքով մահանալու վտանգը: Սա պայմանավորված է նրանով, որ ճարպակալումը թուլացնում է օրգանիզմը և այն դժվարանում է պայքարել հիվանդության դեմ:

5.      Սահմանափակել ալկոհոլի գործածությունը 

Ալկոհոլի չարաշահումը նույնպես կապված է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգի հետ: Ամերիկյան ուռուցքաբանական ընկերակցության տվյալներով՝ նման խնդրից խուսափելու համար մարդը պետք է օրական առավելագույնը երկու ըմպելիք օգտագործի:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր