Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին Աֆղանստանի համար նախատեսված ամերիկյան զենքի մի մասը փոխանցել Կիեւին          Թուրքիան տասնյակ զինտեխնիկա է տեղափոխել Սիրիա՝ ահաբեկիչներին աջակցելու համար       Տեսանյութ.Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին.Ստում եք. Թագուհի Թովմասյանը՝ Արսեն Թորոսյանին    

27 հոկ 2017 14:15

Դա վիրավորանք ու անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերին. Փաշինյանը` Բաբլոյանին

 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, եւ դա պաշտոնական վարկած է, քանի որ այդ մասով քրեական գործից անջատված մաս կա:

Այսօր ԱԺ այգում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այդ վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում եւ քննության առարկա չի դառնում։ «Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա», -ասաց Փաշինյանը։

Նա ծիծաղելի համարեց ԱԺ նախագահի այն դիրքորոշումը, թե ինքը չի կարծում, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, այլ որակի Հայաստան կունենայինք։

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան, որ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձեւավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որեւէ մեկի կողմից: Որեւէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձեւավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են, եւ կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որեւէ մեկի կողմից։ Ես կարծում եմ՝ երկրի զարգացման ամենակարեւոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, եւ հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջը»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցին, թե եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի զարգացումը կլինե՞ր այնպես, ինչպես հիմա է, նշել էր. «Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։

Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր