Այս հավաքների շրջանակներում օգոստոսի 1-ին զորակոչված տղաները հերթապահում են արդեն 55 օր.հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ          Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա       ՌԴ-ում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել ՀՀ հյուպատոսություններ․ ՀՀ դեսպանություն    

27 նոյ 2017 12:30

Լավրովը սխալվել կարող է, մենք՝ ոչ. որո՞նք են ղարաբաղյան խնդրի կարգավորման «Երեւանյան սկզբունքները»

 

Բաքու եւ Երեւան  այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ լավատես չէ, եւ որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում, ինչը Հայաստանում  գրեթե հաղթանակի պես մի բան ընկալվեց. ռուսները մեզ չեն պարտադրում, տարածքների զիջման խնդիր չկա: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավրովի խոսքն ընկալվեց, որ Ղարաբաղի խնդրի լուծում մեզ ոչ ոք չի պարտադրում։ Ամեն ինչ կմնա նույնը։ Սա այն մթնոլորտն է, որ կա Երեւանում։

Բայց կա նաեւ հարցի այլ տեսանկյուն. իսկ մենք տեսնու՞մ ենք Ղարաբաղի հարցի լուծումը, եթե՝ ոչ արագ, ապա գոնե՝ միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում։ Խոսքը ցանկության մասին չէ, լուծման մասին է։ Լավ. միջազգային հանրությունը մեզ չի պարտադրում լուծման որեւէ տարբերակ, բայց ինքներս մեզ համար այն տեսնո՞ւմ ենք։ Ի վերջո, որո՞նք են ղարաբաղյան խնդրի կարգավորման «Երեւանյան սկզբունքները»։

«Մենք» ասելով ես ի նկատի չունեմ միայն պաշտոնական Երեւանը՝ իշխանություններին։ Պետական վերնախավ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր, ընդդիմություն, հասարակության կրթված շերտեր, բիզնես էլիտա, մտավորականություն, ուսանողություն, հասարակության լայն շերտեր եւ այլն։ Ոչ մի տեղ խնդրի կարգավորման պատկերացումներ չկան։ Ավելին՝ խնդիրը չի հետաքրքրում, խնդիրն օրակարգային թիվ մեկը չէ։ Պարզապես նայեք համապետական ընտրություններում Ղարաբաղի թեմայի արծարծման որակական ու քանակական մակարդակին։ Ընտրությունների արդյունքների վրա այն ուներ գրեթե զրոյական նշանակություն։

Բացառիկ վիճակ է՝ ունենալ ռազմական հակամարտություն բավական ուժեղ հակառակորդի հետ, ունենալ շրջափակված վիճակ, եւ, վերջապես, կլոր տարին ունենալ խրամատներում բանակ ու չունենալ խնդրի կարգավորման պահանջ, հետաքրքրություն, լուծման տարբերակներ։

Աշխարհում շատ կան հակամարտություններ, սառեցված եւ արյունալի, լուծմանը մոտ եւ մշուշոտ հեռանկարով, բայց 25   տարի անդընդմեջ խրամատներում դիրքավորված հակամարտությունները չափազանց քիչ են։ Դա բացառիկ վիճակ է։

Հասարակության մի մասն ուզում է  հողեր, որքան շատ՝ այնքան լավ, ուզում է Ադրբեջանի կապիտուլյացիա։ Հասարակության մյուս մասը հոգնել է այս անորոշությունից եւ համարում է , որ Ղարաբաղը՝  չլուծված  այս խնդիրն է մեր ողբերգությունների  գլխավոր աղբյուրը, եւ ուրեմն՝ ինչքան շուտ տանք հողերն ու ազատվենք այս խնդրից, այնքան շուտ  դուրս կգանք այս իրավիճակից: Իսկ ահա հասարակության մեծ մասը՝  շարքային քաղաքացուց մինչեւ վերնախավ, այս հարցով ընդհանրապես չի հետաքրքրվում, մտածելով որ հարցը մեր փոխարեն կլուծի Մոսկվան՝  Բաքվի ու Անկարայի հետ կոնսուլտացիաներ անցկացնելուց հետո: Սա ողբերգությանը մոտ իրավիճակ է։ 

Հայաստանի՝ կենցաղային պատկերացումներով վերնախավը ոչ մի արժեք, ոչ մի հեռանկար, ոչ մի տեսլական չի կարողանում ձեւակերպել Հայաստանում ապրող ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մյուսներից ոչ լավն է, ոչ՝ վատը, բայց այն մի տեսակ մոլորված եւ լքված վիճակում է։ Սրա մեղավորն անկախությունից  ի վեր ձեւավորված վերնախավերն են։ Լուրջ անհատներ եղել են բոլոր երեք նախագահների օրոք, լուրջ անհատներ եղել են եւ կան իշխանությունների մեջ եւ իշխանություններից դուրս, բայց նրանք ընդամենը անհատներ են։

Սրան զուգահեռ կա նաեւ այլ մի հետաքրքիր մոտեցում։ Համատարած բոլորը՝ անգամ անկախ հարցին ունեցած մոտեցումից, Ղարաբաղի խնդրի կարգավորման սլաքներն ուղղում են Սերժ Սարգսյանի կողմը՝ նրան վերապահելով կամ միակ պատասխանատուի կամ միակ քավության նոխազի դերը: Սա անհատական եւ հանրային պատասխանատվությունից եւ տեսակետ ձեւակերպելուց խուսափելու լավագույն ձեւն է, վերնախավի կենցաղայնությունը հաստատող  փաստ։ Վերնախավը չունի տեսակետ, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չունի տեսակետ։ Եվ միշտ հղում է արվում դեպի գործող նախագահը։ Այստեղ էլ երկիմաստ վիճակ է։ Պարզ է, որ Ս. Սարգսյանը երբեք  չի բերելու մի լուծում, որով 7 շրջանները լիահոժար նվիրվելու են  մեզ, 8-րդն էլ՝ որպես բոնուս, կամ էլ հանձնելու է հողերը՝ հուրախություն ադրբեջանցիներին: Բայց հենց Սարգսյանը խոսի լուծման գաղափարի մասին եւ փորձի բանակցել երկուստեք ցավալի փոխզիջումների շուրջ, այս նույն անտեսակետ եւ անկարծիք զանգվածը, կախված պահի կոնյունկտուրայից, պատրաստ կլինի թիրախավորել նրան։

Կարծում եմ՝ ժամանակն է սկսել ներհայաստանյան կարծիքների եւ տեսակետների ճշգրտումը։ Սա կարեւոր է պետության համար, հասարակության համար եւ հենց իշխանության։ Քաղաքական եւ պետական էլիտան պետք է ասի, թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը եւ հեռանկարը։ Պետք է ասի խրամատում 18 տարեկան ունեցողի ծնողին, երիտասարդ սերնդին, անկախության սերնդին, գիտության համար պայքարող սերնդին։ Սա, ի դեպ, լրիվ տեղավորվում է ազգ-բանակի կոնցեպցիայում։  Սա տեղավորվում է նաեւ վերեւից գեներացվելիք  փոփոխությունների կոնցեպցիայում։ 

Ես անձամբ խոսել եմ ներկա եւ նախկին բազմաթիվ  բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր կարեւոր որոշումներ են կայացրել, ճակատագրեր որոշել, եւ փաստում եմ, որ նրանցից շատ քչերն ունեն տեսակետ եւ հարցի լուծման տեսլական։ Սա ցավով եմ ասում։

Վերջերս կարդում էի լիբանանյան ծագումով ամերիկացի ժամանակակից խոշորագույն փիլիսոփաներից մեկի՝ Նասիմ Թալեբի գիրքը, որտեղ նա նկարագրում է երկիրը կործանման հասցրած  քաղաքացիական պատերազմի շեմին ձեւավորված   մթնոլորտը։ Նա ասում է. «Ես ուշադիր հետեւում էի իմ պապին, որը զբաղեցրել էր պաշտպանության նախարարի, հետո՝ ներքին գործերի նախարարի, իսկ պատերազմի սկզբում՝ փոխվարչապետի պաշտոնները։ Չնայած իր դիրքին՝ նա իր վարորդ Միխայիլից ավել չգիտեր, թե ինչ է լինելու։ Բայց, ի տարբերություն պապիս, Միխայիլն իր բոլոր կանխատեսումները հանգեցնում էր «միայն Աստծուն է հայտնի» ձեւակերպմանը։ Իմ դիտարկումներով՝ այդ ժամանակ շատ ու շատ խելացի ու կրթված մարդիկ իրենց կանխատեսումներում ոչնչով առավել չէին տաքսիստներից»։

Հայտնի է, թե Լիբանանում այն ժամանակ ինչի հասցրեց այդ վիճակը։ Ես չեմ ուզում, որ մենք եւ մեր պետությունը մնանք Աստծո հույսին։ Մեր թշնամին էլ ունի իր կոնտրԱստվածը։ Շատ ավելի ճիշտ կլինի՝ պետական մտածողությամբ ու մեր քայլերով ինքներս լուծենք մեր եւ մեր պետություն ճակատագիրը։ Իսկ դրա մեխանիզմը նոր եւ առողջ պետական վերնախավի ձեւավորումն է։

Ի՞նչ պետք է հասկանալ Լավրովի ասածից

Եթե մենք ունենայինք լուրջ վերնախավ, ապա հետեւությունը պետք է լիներ մեկը՝ Ղարաբաղի խնդիրը չունի արագ լուծում, ուրեմն՝ պետք ուժեղացնել Հայաստանը։

Մենք պետք է պատրաստվենք Հայաստանի ուժեղացմանը։ Սա է ճանապարհը, մնացածը ողբերգություն է։ Միակողմանի զիջումն ավելի մեծ ողբերգություն է։

Եթե հակամարտությունը չունի արագ լուծում, ուրեմն այն, անկախ մեր ցանկությունից , ձգձգվելու է, եւ ժամանակի ընթացքում առավելություն կստանա այն կողմը, որն ավելի լուրջ պետություն կկառուցի։ Նավթը եւ նավթի գինը կարեւոր են, ինչ խոսք, բայց կան նաեւ այլ գործոններ, որոնք մեզ տալիս են պոտենցիալ հնարավորություն՝ ուժեղանալու եւ ավելի լուրջ պետություն ունենալու։ Իսկ դա իր հերթին պետք է բերի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Ի վերջո՝ խնդիրը մի օր պետք է կարգավորվի։ Եթե մենք գնանք լճացման եւ խեղաթյուրված բարքերի, եւ ոչ թե՝ գրագետ ու մտածված փոփոխությունների ճանապարհով, չփոխենք շատ բան մեր անհատական եւ հանրային գիտակցության մեջ, ապա Հայաստանը նկատելիորեն կթուլանա, ու այդ դեպքում չի բացառվում, որ Լավրովը ցավալիորեն սխալված դուրս գա։ Հասկանալի է՝ ոչ հօգուտ մեզ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր