Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

28 նոյ 2017 15:15

Կանանց մոտ տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ակնհայտ ախտանշանների

 

Կանանց մոտ տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ակնհայտ ախտանշաններիԲոլորն էլ գիտեն, որ հիվանդությունները հարկավոր է ախտորոշել ու բուժել սկզբնական փուլում, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ վտանգավոր հիվանդությունը զարգանում է առանց վառ արտահայտված ախտանշանների:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ ամենատարածված հիվանդությունները, որոնք զարգանում են առանց ակնհայտ ախտանշանների:

Գլխուղեղի անոթների անոթալայնանք (անևրիզմ)

Հիվանդությունը դրսևորվում է զարկերակի պատերի ձգվածությամբ ու լայնացմամբ, որը հանգեցնում է այդ հատվածում արյան լճացման ու անոթի առաձգականության նվազման: Այս ամենի հետևանքով արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տակ անևրիզմը պայթում է, առաջանում է գլխուղեղի արյունազեղում, ինչը հանգեցնում է կաթվածի կամ անգամ մահվան:

Մասնագետների կարծիքով՝ հիվանդությունը մեծ մասամբ պայմանավորված է լինում ժառանգականությամբ: Բացի այդ, կանայք երկու անգամ ավելի հաճախ են բախվում այս խնդրին: Շատ մեծ նշանակություն ունեն նաև զարկերակային ճնշումը (որքան այն բարձր է, այնքան մեծ է ախտաբանության զարգացման հավանականությունը) և վատ սովորությունները (ծխախոտի և ալկոհոլի չարաշահման դեպքում մարդն ինքնաբերաբար հայտնվում է ռիսկային խմբում):

Մեծ մասամբ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում և հայտնաբերվում է պատահաբար պրոֆիլակտիկ զննման կամ որևէ այլ խնդրի համար անցկացվող բուժզննման ժամանակ:

Անևրիզմի պայթելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

·        եթե պայթած անևրիզմի չափերը փոքր են, ապա միակ ախտանշանը կլինի պարանոցի թմրածությունն ու որոշակի կարծրությունը,

·        անոթի վնասվելուց որոշ ժամանակ առաջ ի հայտ են գալիս սաստիկ գլխացավեր, 

·        կարող է նկատվել սրտխառնոց, 

·        հիվանդը կարող է կորցնել գիտակցությունը,

·        նա սկսում է խուսափել վառ լույսից:

Հարկ է նշել, որ այս ախտանշաններն ի հայտ են գալիս միայն արյունազեղումից հետո, երբ կանխարգելիչ միջոցների համար արդեն ուշ է լինում և միայն կարելի է միջոցներ ձեռարկել հիվանդի կյանքը փրկելու համար:

Հիվանդությունն ախտորոշելու ամենաարդյունավետ տարբերակները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ու համակարգչային տոմոգրաֆիան են: Խնդրի հայտնաբերման դեպքում բժիշկը գնահատում է անոթների վիճակն ու խնդրի լրջությունը: Եթե անևրիզմը մեծ չէ, ապա բավական կլինի, եթե հիվանդը պարբերաբար բուժզննում անցնի, սակայն լուրջ դեպքերում հաճախ նշանակվում է վիրահատական բուժում:

Ձվարանների քաղցկեղ

Սա կանանց մոտ ի հայտ եկող ամենատարածված չարորակ նորագոյացությունն է, որի առաջացման պատճառների շարքին են դասվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սննդակարգի առանձնահատկությունները, տարատեսակ քիմիական ու ֆիզիկական գործոնները: Բացի այդ, ռիսկային խմբում են նաև ժառանգական հակվածություն ունեցող կանայք, կրծքագեղձի քաղցկեղից տառապողները և երեխա չունեցողները:

Այս հիվանդության դեպքում խնդիրն այն է, որ դրան ուղեկցող ախտանշանները գրեթե արտահայտված չէն, ուստի կանայք հաճախ կարծում են, որ դրանք բորբոքման կամ նախադաշտանային համախտանիշի նշան են: Մեծ մասամբ կանայք դիմում են բժշկին այն ժամանակ, երբ ուռուցքը տարածվում է, իսկ որովայնային խոռոչում  սկսում է հեղուկ կուտակվել: Այս դեպքում հիմնական ախտանշանը լինում է որովայնի չափերի մեծացումը:

Շատերի մոտ քաղցկեղն առաջանում է դաշտանադադարի ժամանակ, երբ կանայք բուժզննում անցնելն արդեն անիմաստ են համարում: Սակայն հարկ է հիշել, որ հիվանդությունը կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական բուժզննման ժամանակ:

Հիվանդության բուժման հիմնական մեթոդն ախտահարված օրգանների վիրահատական հեռացումն է:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն ախտահարում է օրգանի բջիջները: Հիվանդության առաջացման պատճառ շատ հաճախ դառնում են գեղձի վրա առկա կիստաները, ինչպես նաև քրոնիկական պանկրեատիտը, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:

Այս հիվանդության ախտանշանները շատ հաճախ ակնհայտ չեն լինում, ինչի հետևանքով այն հայտնաբերվում է, երբ արդեն լինում է վերջին փուլում և ուռուցքն ախտահարած է լինում նաև մոտ գտնվող օրգանները:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող ախտանշան կարող է համարվել հանկարծակի շաքարային դիաբետի զարգացումը: Բանն այն է, որ բացի մարսողական ֆերմենտներից այս օրգանն արտադրում է նաև ինսուլին հորմոնը, որը պատասխանատու է օրգանիզմի կողմից շաքարի յուրացման համար: Եթե գեղձն ախտահարվում է քաղցկեղի բջիջներով, ինսուլինի արտադրությունը դանդաղում է կամ առհասարակ այն դադարում է արտադրվել: Այս ամենի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման: 

Հիվանդության ախտորոշման հիմնական և միակ հստակ միջոցը որովայնային խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր