Պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման          ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում       Տեսանյութերն ապացուցում են՝ գերիների նկատմամբ այս վերաբերմունքը իշխանության քաղաքականությունն է    

30 նոյ 2017 21:00

Առողջապահության նախարարը պարզաբանումներ է կատարել առողջության պարտադիր ապահովագրության մասին

 Առողջապահության նախարարը պարզաբանումներ է կատարել առողջության պարտադիր ապահովագրության մասին
Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է պարտադիր բժշկական ապահովագրության մասին խնդրահարույց հարցերին։
Նրա խոսքով՝ մասնագետները դեռևս մտածում են այն մասին, թե ապահովագրական վճարումների որ միջոցն է ավելի ճիշտ՝ աշխատավարձից որոշակի տոկոս պահե՞լը, թե՞ ֆիքսված գումարը։ Առաջին դեպքում շատ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կվրդովվեն, իսկ երկրորդ դեպքում դա ուղղված կլինի քիչ վաստակողների դեմ։
Նշել է նաև բաշխման այն տարբերակի հնարավորությունը, որով քաղաքացիներին կբաժանեն մի քանի խմբի. առողջապահական վճարումները տարբեր կլինեն նրանց համար, ովքեր ամսական 200 հազար դրամից պակաս են վաստակում, նրանց համար, ովքեև վաստակում են մինչեւ 500 հազար դրամ եւ ավելի քան 500 հազար դրամ (նախարարի խոսքով՝ միջին վիճակագրական մարդն ամսական կվճարի 6 հազար դրամ)։ Նրանք բոլորը, սակայն, անկախ ապահովագրական վճարման չափից, ապահովագրական ծառայություններ կստանան նույն պայմաններով։ Այդ ծառայությունների թվում կլինեն եւ՛ վիրաբուժությունը, եւ՛ ուռուցքաբանությունը։ Ցանկացողները կարող են լրացուցիչ ապահովագրություն վերցնել, որը կընդգրկի ավելի շատ ծառայություններ։
Հարցին, թե ինչպես է կազմակերպվելու գործազուրկների, երեխաների և տարեց մարդկանց ապահովագրությունը, որոնք սոցիալական անապահովների դասին չեն պատկանում, նախարարը պատասխանել է, որ մինչև 7 տարեկան երեխաների ապահովագրության հարցը դեռևս չի քննարկվում, իսկ ինչ վերաբերում է 7 տարեկանից մեծ երեխաներին, եթե նրանք անապահով ընտանիքից են, նրանց ապահովագրությունն իր վրա է վերցնում պետությունը, իսկ եթե ոչ՝ ծնողները։ Նույնը վերաբերում է ընտանիքի մյուս անդամներին, որոնք չեն աշխատում եւ չեն կարող վճարել սեփական ապահովագրության համար։
Նախարարը նաև նշել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը կարող է Հայաստանում կիրառվել միայն այն դեպքում, եթե այն հասարակական պահանջ ունենա։
«Եթե բնակչությունը ցանկանա բժիշկ–հիվանդ հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, եթե ցանկանա մեր ԲԿ–ները ավելի բարեկարգ վիճակում տեսնել՝ ավելի լավ սարքավորումներով, եթե ցանկանա նախորդ դարի 1960-ական թվականներից անցնել 21-րդ դար, ապա ինքը կպահանջի, որ բժշկական ապահովագրության ծրագրերն իրականացվեն։ Ապահովագրությունն այն ինստիտուտն է, որը կարելի է կիրառել հասարակության կողմից պահանջարկի դեպքում»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում պլանավորվում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ սահմանել։ Սույն թվականի հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը կգործի 100 հազար պետական ծառայողների համար, իսկ եկող տարվանից ծրագրում կընդգրկվեն նաեւ 612 հազար անապահով քաղաքացիներ։ Երկու խմբի դեպքում էլ ապահովագրության համար վճարում է պետությունը։ Մյուս քաղաքացիները պետք է իրենք վճարեն իրենց ապահովագրության համար։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր