Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

22 հուն 2018 15:30

«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյան

Այժմ Հայաստանում ներդրումների համար լավագույն ժամանակն է։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, որի ժամանակ նա պատմել է այն մասին, որ Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել և թե կոնկրետ ինչ նախագծերում է ռուսական բիզնեսը ներդրումներ անելու «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի շրջանակում:

Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ընդհանուր ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: 2015 թվականից «Տաշիր» ընկերությունների խմբի ակտիվի մեջ մտնող բաշխիչ ցանցերում ներկայիս էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվարկի ավտոմատ համակարգի ներդրման համար առաջիկա տարիներին կուղղվեն մոտ 900 միլիոն դոլարի ներդրումներ:

Հայաստանի էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մի ներդրումային նախագիծ կդառնա «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը, դրա համար կներդրվի մոտ 200 միլիոն դոլար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանցից բացի, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսին է՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը, որտեղ բացի բնակելի համալիրից՝ տեղակայված կլինեն հյուրանոցներ, արվեստանոցներ և  արհեստանոցներ: Նա նշել է նաև Գյումրիում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագծի մասին և հավելել, որ նախապատրաստման փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր: Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է հանքարդյունաբերության, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտներում խոշոր ներդրումային նախագծերը:

«Հայաստանում օր օրի ավելի մեծ տարածում է ստանում օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը միջազգային հեղինակություն ունի միրգ-բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չրերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել են Հայաստանի այցեքարտը»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր նախագծերի դրական ազդեցությունը կնկատվի աստիճանաբար և սոցիալական և տնտեսական դրական փոփոխությունների նոր փուլ կբացի, ինչպես նաև «միջազգային հարթակներում կամրապնդի Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որտեղ հարմար է ապրել, հանգստանալ և բիզնես վարել»:

«Ընդհանրապես, պետք է ասել, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմար պայմանների ստեղծումն է, և հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող եմ վստահեցնել, որ այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնես անելու համար»,- ասել է նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր