21-րդ դարում ստիպված ենք աղաչել-պաղատել սեփական պետությունից զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների մասին տվյալներ          Կլինի՞ Հայաստանում սով, արդյո՞ք պահեստավորումների և քանակի սակավություն կա.փոխնախարարի պարզաբանումը       Իրանը ոչ պատերազմի է ձգտում և ոչ էլ լարվածության, մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը    

12 հուլ 2016 10:30

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը

Panorama.am կայքը հարց է ուղղել, թե Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասել է.
 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում:

Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության: Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ:

Նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաև երկարատև խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով լարվածություն պահպանելու և սադրիչ գործողություններ իրականացնելու համար:

Նմանօրինակ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը հանդիսանում է 1994-95թթ. զինադադարի ռեժիմի հաստատման և զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, անժամկետ համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում: Ադրբեջանական ագրեսիան իրականացվում էր միջազգային մարդասիրական իրավունքի՝ ԴԱԵՇ-ի դաժանությանը չզիջող կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ դպրոցները հրետակոծելը, որի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին երեխաներ, տարեց անձանց կտտանքների ենթարկելը, խեղելը և սպանելը, ինչպես նաև զինվորներին գլխատելը: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար պարգևատրեց հայ ռազմագերուն գլխատած բարբարոսին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հերոսացրել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինծառայողի կացնահարած մեկ այլ բարբարոսի:

Միջազգային հանրությունը փորձ է արել Ադրբեջանի ղեկավարությանը տալ քաղաքակիրթ կառուցողական հուն վերադառնալու հնարավորություն: Դրա համար Բաքուն պետք է համաձայնեցնի և կյանքի կոչի մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում վերահաստատված համաձայնությունները և նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռնված նաև այդ հնարավորությունը:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր