«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

14 դեկ 2016 18:10

Ճակատագիր է խեղվում տատիկի անհիմն ցուցմունքով. Տեսանյութեր

Դեկտեմբերի 14-ին Հայացք մամուլի ակումբում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Յուրի Հակոբյանի մայրը՝ Նարինե Գևորգյանը և պաշտպան Արմեն Նադիրյանը հայտնեցին, որ Յուրի Հակոբյանը անհիմն է գտնվում անազատության մեջ:
«Յուրի Հակոբյանի պլանավորված ամուսնությունը խափանվեց, համալսարանից էլ դուրս է թողնվում՝ ճակատագիր է խեղվում: Նա  վեց ամիս սպասում էր, որ իրականությունը կպարզվի: Մենք ուզում ենք իրականությունը պարզվի: Ինչի՞ համար պետք է նա տևական ժամանակ գտնվի կալանքի տակ, որի հիմքերը չկան»,- ասաց փաստաբան Արմեն Նադիրյանը: 

Հիշեցնենք, որ Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության  մեղադրյալները վեցն են՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և Հարություն Գրիգորյանը: Վերջինիս մեղադրանքն առաջադրվել է հանցագործության պարտակման համար, նա եղել է Խաչիկ Կոսյանի և Արթուր Զաքարյանի հետ: Նշված անձանցից առաջին 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետո (առանձնակի դիտավորությամբ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից) և խուլիգանության հատկանիշներով: Կա ևս մեկ անձ, որի ինքնությունը նախաքննական մարմինը դեռևս չի պարզել:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքով, ձեռք բերված ապացույցները փաստում են, որ իր պաշտպանյալի մեղադրանքն ապացուցող օրինական հիմքեր չկան: Նա նշեց, որ Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է եղել Եղիշե Խաչատրյանի մոր կողմից Յուրիին ճանաչելը. «Նա նշել է, որ Յուրիին նմանեցնում է  այն երեք երիտասարդներից մեկին, որոնք ծեծի են ենթարկել իր որդուն, սակայն, ասել է, որ վստահ չէ: Այնուհետև հաջորդ ցուցմունքում նշել է, որ վստահ է, որ Յուրին է եղել: Յուրի Հակոբյանը հստակ նշել է իր այլուրեքությունը (ալիբի), ասել է` որտեղ է գտնվել, ում հետ և ինչ է արել: Վարույթն իրականացնող մարմինը մի քանի օրվա ընթացքում պետք է բոլոր մատնանշված մարդկանց հարցաքններ, պարզեր իրականությունը, սակայն, դրա փոխարեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը»,- ասաց պաշտպանը:

Փաստաբանն անդրադարձավ նաև թմրանյութ իրացնելու դեպքով հարուցված քրեական գործին, նշելով, որ իր պաշտպանյալը երբևէ թմրանյութ չի օգտագործել. «Յուրի Հակոբյանի մազի փորձանմուշի հետ կապված փորձագետը նշել է` կա որոշակի չափով թմրանյութի օգտագործման առկայություն, որն ունի մի քանի ամսվա վաղեմություն: Փորձագետը նշում չի արել, թե երբ է հետազոտել փորձաքննության ներկայացված մազի նմուշը, հստակ ժամկետներ չկան: Յուրին ասել է` համամիտ չէ, որովհետև ինքը երբևիցե չի օգտագործել թմրանյութ: Քրեական գործի նյութերով թմրանյութի իրացման փաստով քրեական գործ է հարուցվել  առանձացվել առանձին վարույթով»:

Յուրի Հակոբյանի մայրը` Նարինե Գևորգյանն էլ նշեց, որ իր որդին հայտնվել է անմեղ մեղավորի կարգավիճակում. «Նրա ճակատագիրը խեղեցին տատիկի անհիմն ցուցմունքով: Իմ ընտանիքը ևս տուժող է դարձել: Ես դիմել եմ երկրի նախագահին, որպեսզի քրեական գործի ընթացքը հսկվի, իմ որդին անմեղ է: Ես նիստից առաջ իմ տղային տեսել եմ, 23-ամյա տղաս վեց ամսվա ընթացքում անազատության մեջ հասուն տղամարդ էր դարձել: Խաթարվեց իր կյանքը, չկայացավ իր ամուսնությունը, կորցնում է առողջությունը, ես չեմ կարող որպես մայր ձեռքերս ծալած նստել: Այսքան սպասելուց հետո, նորից նամակ-բողոք եմ ուղարկել Սերժ Սարգսյանին, ՀՔԾ պետին, դատախազին, որ իմ որդին գտնվում է անմեղ մեղավորի կարգավիճակում: Իրականում իմ տղան կատարվածի հետ կապ չունի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր