Այսպիսի վատ տարի մեկ էլ 2009թ-ի ճգնաժամին է եղել
Հայացք մամուլի ակումբում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսեց
2016թ-ի տնտեսական տարվա, ինչպես նաև 2017թ-ի առաջնահերթությունների մասին. «Այսպիսի վատ տարի մեկ էլ 2009-ի ճգնաժամին է եղել, երբ 14,5% ՀՆԱ-ն անկում է ունեցել: Այս
տարի աճի լավագույն ցուցանիշը կլինի 1%»,-ասաց նա:
Վահագն
Խաչատրյանը նկատեց, որ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ տնտեսական աճը մեր երկրում 0,2 տոկոս է, ինչն էլ տեղի է ունեցել ծառայությունների հաշվին: Այդ ծառայություններն էլ մասնավորապես զվարճանքի օբյեկտներն են՝ կազինոներ
և այլն: Նրա համոզմամբ՝ այդ ոլորտում ավելի շատ է հնարավոր մանիպուլյացիաներ անել
և դրա հաշվին տնտեսական աճ ցույց տալ:
Անդրադառնալով պետական պարտքին, Վահագն Խաչատրյանն ասաց, որ այն հասնում է 6 մլրդ դոլարի շեմին: Նրա խոսքերով՝ տնտեսությունը չի աճում, բայց պետական պարտքն ավելանում է: Եկող տարի բյուջեի ծախսերի 8,8%-ը պետք է ուղղվի պետական պարտքի մարմանը: Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը վտանգավոր չէ, եթե ունենանք տնտեսական աճ:
2017-ին կանխատեսված 2,7 % տնտեսական աճը, Վահագն Խաչատրյանի կարծիքով, առաջին 6 ամիսներին չի լինի: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, ապա՝ 3-րդ եռամսյակում: