Բանակցում ենք գաղափարախոսությամբ մեզ հարազատ կուսակցությունների հետ հնարավոր դաշինքի ստեղծման համար
Հայացք մամուլի ակումբում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ամփոփեց 2016թ-ի քաղաքական
տարին և խոսեց առաջիկա նախընտրական անելիքներից:
Նարեկ Գալստյանը 2016թ-ի
համար մատնանշեց երկու կարևոր խնդիր` ապրիլյան քառօրյա պատերազմը և ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր»-ի կողմից. «Ենթադրվում էր, որ այդ իրադարձությունները էականորեն կփոխեն ներհայաստանյան կյանքը, բայց, այսօր բովանդակային առումով մեր երկրում ոչինչ չփոխվեց՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական խնդիրները շարունակում են մնալ բավական սուր»,-ասաց
Նարեկ Գալստյանը: Առաջիկա կարևոր իրադարձությունը նա համարում է արցախյան խնդիրը և գարնանը սպասվող խորհրդարանական ընտրությունները:
Նարեկ Գալստյանը նկատեց, որ 2017թ. խորհրդարանական
ընտրություններին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կփորձի մասնակցել դաշինքով, սակայն նա չնշեց կուսակցությունների անուններ, թե ում հետ են ընթանում բանակցությունները. «2017թ. ընտրություններին մասնակցելու ենք, ունենք կոնսուլտացիոն շփումներ Ռամկավարների հետ: Հիմա բանակցում ենք գաղափարախոսությամբ մեզ հարազատ կուսակցությունների հետ հնարավոր դաշինքի ստեղծման համար: Չեմ կարող բարձրաձայնել՝ ում մասին է խոսքը, որովհետև կոռեկտ չէ վերջնական պայմանավորվածություն չլինելու դեպքում անուններ տալը: Հույս ունեմ կոնսոլիդացիան կիրականացվի:
Մենք մեր վերջնական ձեւաչափը կհստակեցնենք հունվարի 15-ին. կլինի դաշինք, դաշինքով
կմասնակցենք, չլինի՝ մենք մենակ կմասնակցենք»,- ասաց Նարեկ Գալստյանը: