Զարուհի Փոստանջյանը քաղաքական պլատֆորմ կհիմնի, որի թիրախը կլինի ՀՀԿ-ն.Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց նոր քաղաքական պլատֆորմի ձևավորման,
ապագա քաղաքական գործընթացների ներգրավվածության մասին:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ շուտով համագումար է հրավիրվելու քաղաքական նոր պլատֆորմ ներկայացնելու նպատակով, որը տեղի կունենա մարտի 15-ին, Երեւանի Անի հյուրանոցում.«Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության համախմբմանը և քաղաքական իրավունքների իրացմանը»,- ասաց պատգամավորը նշելով, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն, ըստ էության, զրկված են քվեարկվելու հնարավորությունից, աշխարհի տարբեր երկրներում սփռված լինելով նրանք չեն կարող օգտվել ընտրելու իրավունքից: Հարցին, թե ի՞նչ քաղաքական գործընթացների պետք է մասնակցի ստեղծվելիք ուժը, նա այսպես պատասխանեց. «Իհարկե, պետք է միտված լինի բոլոր քաղաքական գործընթացներին,
այդ թվում նաեւ հետընտրական քաղաքական գործընթացներին:
Այսօր հավասար չեն պայմանները բոլոր մասնակիցների համար,
թե՛ ընտրողների,
թե՛ ընտրվողների համար:
Մեր գործողությունները միտված են լինելու բոլոր քաղաքական գործընթացներին:
Նախաձեռնությունը պետք է դառնա կուսակցություն եւ այդ մասին համագումար կհրավիրվի եւ համագումարը կորոշի`
ինչպես է այդ կառույցը ձեւավորվելու»:
Կուսակցության անվան եւ ծրագրային դրույթների մասին հանրությունը կտեղեկանա համագումարի ժամանակ:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ պլատֆորմի հիմնական թիրախը լինելու է Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը:«Քաղաքական ուժը պետք է ղեկավարեն փորձառու եւ այս գաղափարները կրող մարդիկ:
Այդ մարդիկ կան ոչ միայն Հայաստանում եւ աշխարհով մեկ:
Մեզ պետք է երկքաղաքացիություն ունեցող մարդկանց ներգրավում,
նրանք իրենց անկախությամբ եւ տնտեսական հնարավորություններով կարող են քաղաքական ողջ դաշտը դրական իմաստով դեֆորմացնել»,-
ընդգծեց պատգամավորը: