«Հաց բերողին սպանել են». Բախումներ`երթի մասնակիցների և ոստիկանների միջև. տեսանյութ
Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ ոստիկանների և «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված` Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների միջև: Քաղաքացիները գոչում են «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»: Մաշտոցի պողոտայում ոստիկանները թույլ չեն տալիս, որ երթի մասնակիցներն առաջ շարժվեն ու փողոցով երթ անցկացնեն, նրանք հորդորում են` երթն իրականացնել մայթերին: Պահանջում են, որ քաղաքացիները բացեն ճանապարհը:
Քաղաքացիներն ի պատասխան ոստիկանների գոչում են.«Մի օր սաղիդ մորթելու են ձեր տան մեջ», «Կերաք գլուխը»...: Մինչ ոստիկանները փորձում էին քաղաքացիներին հեռացնել փողոցից, Վաղինակ Շուշանյանն իր արյունոտ ձեռքը ցույց տվեց ու ոստիկանի այն հարցին, թե ինքն ի՞նչ իրավունք ունի ոստիկանի քաշելու, պատասխանեց.«Երբ տեսնում եմ` երեխա է շպրտում, ես չեմ հարվածում, քաշում եմ, որ չշպրտի: Ես այս պահին անձեռնմխելի եմ»: Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ արդարադատության նախարարություն: