Տարբեր տղամարդիկ էլ ԱԺ-ում բռնաբարությունների մասին են խոսում, այդ հռետորաբանությունն անթույլատրելի է, անկախ նրանից՝ կի՞ն է, թե տղամարդ. Տեսանյութ
![](/uploads/mane-tandilyan-marine-qocharyan.jpg)
«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ասաց, որ իրենց քարոզարշավներին մարդիկ ասում են՝ «Եկեք մեր շենքի տանիքը սարքեք, եկեք մեր վերելակը վերանորոգեք: Սոցիալական խնդիրներով է սա պայմանավորված: Մարդիկ փորձում էին շենքի անունից հանդես գալ, ասֆալտապատում խնդրել եւ այլն: Սա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդն այսօր ապահովված չէ եւ իր ձայնը տալու համար չի նայում քաղաքական ուժերի ծրագրերին»:
Ընտրակաշառքների հետ կապված հարցին ի պատասխան՝ Մարինե Քոչարյանն ասաց, որ շահարկումները շատ են: Մանե Թանդիլյանը չհամաձայնեց. «Իրականում դրանք ասեկոսեներ չեն, կան փաստեր: Մենք ունենք տվյալներ: Ունենք որոշակի ձայնագրություններ, բայց իրականում դրանց հետեւից գնալու ժամանակ չկա, որովհետեւ զբաղվածությունը մեծ է»: Նա ասաց, որ այդ փաստերը հավաքում են դեռ: Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հետ հանդիպումներում երբեք իրենցից գումար չեն ուզել, որովհետեւ գիտեն ումից ակնկալել այդ գումարը: Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք բավական լուրջ տոկոսներով անցնելու են ԱԺ եւ դա մեծ զարմանք է առաջացնելու շատերի մոտ:
Բանախոսներն անդրաարձան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Սյունիքի մարզպետի ականջները կկտրի» և «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարանի հայտարարությանը, թե «աչքերը կհանի»: Մարինե Քոչարյանն ասաց, որ կողմնակից է, որ կինը միայն խաղաղություն բերի: «Հեղինե Բիշարյանի այդ հայտարարությունը կոնտեքստի մեջ էր, և դա կոնկրետ անձանց էր վերաբերում: Դա ուղղված էր այդ մարդկանց, ովքեր կփորձեն իրենց արարքներով վատաբանել, ոչ թե բառացի կվերցնի և բոլորի աչքերը կհանի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ապա նա ասաց, որ դա չի լսել և չի կարող որակում տալ:
Մանե Թանդիլյանը նշեց, որ իրեն դուր չի գալիս, որ շեշտադրվում է քաղաքական գործչի կին լինել: «Տարբեր տղամարդիկ էլ Ազգային ժողովում բռնաբարությունների մասին են խոսում: Ես կարծում եմ, որ այդ հռետորաբանությունը անթույլատրելի է, անկախ նրանից՝ դա կի՞ն է, թե տղամարդ: Ես կարծում եմ, որ տիկին Զոհրաբյանի և տիկին Բիշարյանի արտահայտությունների միջև տարբերություն էականում չկա, երկուսն էլ հռետորաբանություն են օգտագործել, որը որևէ քաղաքական գործչի պատիվ չի բերում»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ «Ելք» դաշինքը քաղաքական նոր մշակույթ է բերելու ասպարեզ: «Մարդիկ կարողանալու են հպարտանալ այդ գործիչներով, նրանց կեցվածքով, նման երևույթների չեն առերեսվելու: Դա պատճառներից մեկն է, որ ես և իմ թիմը գալիս ենք քաղաքականություն, որ կարողանանք հասարակությանը բացատրել, որ քաղաքական գործիչներն այն մարդիկ են, ովքեր պետք է արտահայտեն տեսակետներ, կայացնեն դատական համակարգ, ոչ թե աչքեր հանեն կամ ականջներ կտրեն»,-ասաց նա: