Ովքե՞ր են շահագրգռված, որ ԶՈՒ սպա Արամ Աղայանը բանտ նստի, գործը հնարավոր է հայտնվի Եվրոդատարանում. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԶՈՒ սպա Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, հայրը՝ Գրիգոր Աղայանը և գործով տուժող Ռուդիկ Գրիգորյանը խոսեցին Արամ Աղայանի քրեական գործի և ծառայության ընթացքում կատարված նոր բացահայտումների մասին:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն հայտնեց, որ Աղայանի գործի քննությունն ընթացել է ակնհայտ խախտումներով. «Այնքան խախտումներ ու բացեր կարելի է նշել, որոնք մեկ նյութում չեն տեղավորվի: Այստեղ չկա հանցակազմ: Զինվորական կարգի դեմ ուղղված հանցանք չկա»,- ասաց նա:
«Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ըստ գործի նյութերի, օպերատիվ տվյալներ են ստացվել ռազմական ոստիկանություն: Այդպես էլ
չբացահայտվեց՝ ինչպե՞ս է եղել, որ ՌՈ աշխատակիցները «բռնության» մասին տեղեկացել են: Տրամաբանությունը հետևյալն է՝ այդ սպաները կամ սպաներից մեկը ուղղակի զանգահարել են ռազմական ոստիկանություն, հաղորդել օպերատիվ տվյալը, որը գործում փաստաթղթավորված չէ: Իրականում այդպիսի վարույթ գոյություն չունի, մենք միջնորդեցինք դատարան, որ ներկայացնեն, չներկայացրեցին, որովհետև չկա»,- ասաց Պապիկյանը:
Արայիկ Պապիկյանը
նշեց, որ այդ օպերատիվ տվյալը վերաբերում է սպայի կողմից զինվորի քիթը ջարդելուն. «Դեպքից մի քանի օր հետ ՌՈ աշխատակիցները ջարդված քթի հետքով գնում են հոսպիտալ, որտեղ
եղել է գործով տուժողը՝ բոլորովին այլ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Հոսպիտալում զնինվորին ընդունելու պահին ամբողջությամբ զննել
են, մարմնական վնասվածքի որևէ դեպք չի արձանագրվել: 40 աստիճան ջերմություն ունեցող զինվորին ասում են, որ բռնության է ենթարկվել Արամ Աղայանի կողմից, և նա էլ պետք է հաղորդում տա:
Զինծառայողը զարմացած ասել է, որ նման բան չի եղել, բայց ՌՈ աշխատակիցները մոտ 4 ժամ զրուցել են նրա հետ, հորդորել, համոզել, պահանջել, որ զինվորը
ցուցմունք տա: Այնուհետև նախաքննության ընթացքում զինվորն ասել է, որ ինքը պարզապես ուզել է, այդ վիճակից դուրս գալ,
ազատվել ՌՈ ներկայացուցիչներից և նրան «օգնել» են ձևակերպումների մեջ:
Այդ «օգնելու» ընթացքում «հարվածել» բառը ֆիքսվել
է:»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Ըստ նրա՝ այն սպաները, ովքեր Աղայանի մասին բացասական բնութագիր են տվել, բայց թույլ են տվել, որ նա շարունակի իրականացնել մարտական հերթապահություն, հանցագործություն են կատարել:
Արայիկ Պապիկյանը նաև ասաց, որ որոշ փաստեր
այս պահին չեն հրապարակում
հաշվի առնելով բանակի վրա ավելի ստվեր չգցելու հանգամանքը, բայց
անհրաժեշտության դեպքում նաև դա կանեն: Իսկ քանի որ հայկական իրավապահ համակարգի
հետ որևէ հույս չեն կապում,
ուստի պատրաստ են գնալ մինչև Եվրադատարան: «Հաջորդ դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա Ստրասբուրգում»,- ասաց նա:
Տուժող Ռուդիկ Գրիգորյանի հայրն էլ՝ Վելիխան Գրիգորյանը, նկատեց. «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ դատարանում շեշտեց, որ մտերիմ են եղել Արամի հետ»:
Արամ Աղայանի հոր՝ Գրիգոր Աղայանի կարծիքով էլ
ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտ նստի. «Ամբողջ դատական պրոցեսը դա ցույց տվեց: Դատական նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում են»:
Տեղեկացնենք, որ լեյտենանտ Արամ Աղայանը
դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվորի առողջության թեթև վնասի հատկանիշներ
չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար և Շուշիի բանտից մոտ երկու ամիս առաջ
է տեղափոխվել Երևան: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: