Հայաստան ապօրինի ներկրվող ապրանքներ բազմիցս են եղել ու շարունակվում են, ուղղակի աչք ծակեց ադրբեջանական խնձորներով արկղը. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեց ապօրինի ներկրվող ապրանքների և սպառողների իրավունքների ոտնահարման մասին:
«Մեզ մոտ, ցավոք սրտի, ապօրինի ներկրվող ապրանքներ բազմիցս են եղել և շարունակվում են, ուղղակի այս անգամ այնպես ստացվեց, որ աչքի ընկավ ադրբեջանական խնձորներով արկղը: Այստեղ տասնյակ տոննաների
մասին էր խոսվում, օրենքով ֆիզիկական անձը մինչև
50 կիլոգրամ կարող է մթերք ներկրել: Պարզ է, որ սովորական մահկանացուն դա դժվար կներկրեր,
պարզ է, որ խախտմամբ է այդ ապրանքը սահմանով անցել, որովհետև դա չի արձանագրվել: Առաջին
հերթին՝ պետությունը պետք է դրանով զբաղվի, և պետական մարմիններն են բացթողում կատարել,
որ այդ ապրանքը ներկրվել է»:
Իսկ մթերքը ոչնչացնելու կամ վաճառքից հանելու տարբեր առաջարկներին ի պատասխան Կարեն Չիլինգարյանը
նկատեց. «Առաջարկություն եղավ՝ ընդհանրապես արգելել ներկրումը Թուրքիայից և Ադրբեջանից: Սկսենք նրանից, որ մեր երկիրը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և չի կարող հենց այնպես հայտարարություն անել, որ այսինչ երկրի ապրանքը չենք թողնում ներկրել: Միայն այն դեպքում դա կարելի է անել, երբ սանիտարական նորմերի կամ այլ խախտում է եղել: Հակառակ դեպքում, մեր երկիրը բարդ իրավիճակում կհայտնվի, որովհետև նա ստորագրել է պայմանագրեր այդ կառույցի հետ ու չի կարող հենց այնպես, ում ապրանքն ուզենա, արգելի»: