Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 մայիս 2017 15:15

Փոստանջյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում բեկումնային կլինի. մի խումբ մշակույթի գործիչների նամակը

Մի խումբ արվեստագետներ, մշակութային եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ գործարար կանայք հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց աջակցությունն են հայտնում  Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը Երեւանի ավագանու ընտրություններում։Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,

Մենք, ներքո ստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի գալիք ընտրություններում։

Կարեւորելով առաջադեմ կանանց դերը եւ մասնակցությունը քաղաքական գործընթացներում ցանկանում ենք ընդգծել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ առաջադրված ավագանու ցուցակի 57 տոկոսը կազմում են կանայք, իսկ առաջին տասնյակում հավասարապես հինգ կին է եւ հինգ տղամարդ։

Զարուհի Փոստանջյանը այն գրեթե եզակի ընդդիմադիր քաղաքական գործիչներից է ով միշտ եղել է Հայաստանում մարդու, եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, արդարության հաստատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնորդներից։

ՄԵնք վստահ ենք, որ տիկին Փոստանջյանն ունի թե բազմամյա փորձ եւ թե քաղաքական կամք, արմատական փոփոխություններ մտցնելու Երեւանի կառավարման քաղաքական մշակույթում։  Զարուհի Փոստանջյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում բեկումնային կլինի ոչ միայն Երեւանի, այլ ողջ հանրապետության քաղաքական կյանքում։

Կոչ ենք անում բոլոր Երեւանցիներին իրենց քվեն տալ Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներին։

• Լալա Ասլիկյան, հասարակական գործիչ

• Նորա Արմանի, դերասանուհի

• Վալերի Գործունյան, գործարար

• Արմինե Գրիգորյան, եգչուհի, դերասանուհի

• Նաիրա Գրիգորյան, գործարար

• Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

• Կարեն Հակոբյան, երաժիշտ, հետազոտող

• Մարո Մաթոսյան, հասարակական գործիչ,

• Մայա Մարգարյան, երգչուհի

• Լուսիա Մուն, հոգեբան, երգահան, երգչուհի

• Քրիստինե Նազարյան, գործարար

• Գայանե Շագոյան, ազգագրագետ

• Լիլիթ Պիպոյան, երաժիշտ

• Նանոր Սեֆիլյան, հասարակական գործիչ

• Հարություն Սիմոնյան, արվեստագետ

• Արեւիկ Օրբելյան, դերասանուհի, ռեժիսոր

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Առաջադրվել է քաղաքապետի երեք թեկնածու՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ),  Նիկոլ Փաշինյան («Ելք» դաշինք) եւ Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի» կուսակցություն):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր