Նաիրիտցիները ներխուժեցին կառավարության ընդունարան հանդիպման ակնկալիքով․ Տեսանյութ
Այսօր՝
մայիսի 18-ին, թեև կառավարության նիստը հետաձգվել էր մի քանի ժամով, սակայն Նաիրիտ
գործարանի նախկին աշխատակիցները, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, առավոտից
կառավարության շենքի դիմաց էին։
Hayacq.com-ի հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ վրդովվեցուցիչ է կառավարության անդամների, մասնավորապես՝ վարչապետի կողմից դրսևորված անտարբերությունը,
որին հանդիպում են ամեն անգամ, երբ խոսք է գնում Նաիրիտի մասին։ Նաիրիտցիների համակարգող
խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքերով, իրենց հատկապես անհանգստացում է այն հարցը, թե ինչու Նաիրիտի վերագործարկման նպատակով կառավարության
կողմից հայտարարված մրցույթի ավարտից՝ հունվարի 20-ից հետո, այդպես էլ չի բացվել այն
փաթեթը, որտեղ հայտ էին ներկայացրել երկու
ընկերություններ։ Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով մի քանի տասնյակ
նաիրիտցիներ շարժվեցին դեպի կառավարության ընդունարան և ներս մտնելով՝ հանդիպում պահանջեցին
վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանի հետ։ Վերջինս սակայն, ինչպես մյուս բարձրաստիճան պաշտոնյաները,
մասնակցում էր ԱԺ գումարված առաջին նիստին և բացակայում էր շենքից։
Հանդիպման ակնկալիքով ընդունարան գնացած նաիրիտցիները թողեցին
գրավոր դիմում այն մասին, որ պահանջում են մեկշաբաթյա ժամկետում հանդիպել վարչապետի
խորհրդական Է․ Ներսիսյանի հետ և ստանալ պարզաբանումներ Նաիրիտի վերագործարկման կապակցությամբ
ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթի ընթացքի և ճակատագրի վերաբերյալ, ինչպես
նաև քննարկել նրանց անհանգստացնող այլ հարցեր։
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում․