Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 մայիս 2017 12:30

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատում է

 ՀՀ բարձրագույն ղեկավարությունը  Սարդարապատում է
Այսօր՝ մայիսի 28-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը,  վարչապետ Կարեն Կարապետյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ միասին այցելեցին Սարդարապատ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով 1918 թվականին զոհվածների հիշատակին:
Արարողությունը սկսվեց ՀՀ նախագահի ելույթով, ինչին հաջորդեց Գարեգին Բ կաթողիկոսի աղոթքը: Տեղի է ունեցավ զինվորականների քայլերթ:
Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո Նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը:
Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին և օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով:
Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերևս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր և ողբերգական ճակատագիր նախորդ որևէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր և նվիրական, և այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար:
Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլև մարդու իրավունքներ և ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով:

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի և բարօրության:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր