Գարնանացան աշխատանքներն ուշացրել ենք. Իգնատի Առաքելյան
Կառավարությունն այսօր ընդունեց գարնանացանին հողօգտագործողներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 մլն 500 դրամ սուբսիդիա կտրամադրվի:
Դիզվառելիքը կտրամադրի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու համար:
1 լիտր դիզվառելիքի համար սահմանված է 314.3 դրամ, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ է:
Վարչապետը նախարարից հետաքրքրվեց. «Ուշացրե՞լ ենք նախագիծը»:
«Ուշացրել ենք, քանի որ սկզբից մտածում էինք, որ իմաստ չունի ծրագիրն իրականացնել, բայց…իրականում գարնանացան աշխատանքներն ուշացրել ենք»,- պատասխանեց Իգնատի Առաքելյանը:
«Դե, լավ չենք արել, լավ չենք արել ուրեմն: Հետևեք՝ հիմա մաքսիմալ էդ ամեն ինչը կարգավորենք»,- նշեց վարչապետը: