Սևանա լճում հայտնաբերվել են ստորջրյա աղբյուրներ, ժայռեր, նավ, ուղտի գանգ իսկ աղտոտվածությունն ահագնացող չափերի է հասնում. Տեսանյութ
![](https://mail.hayacq.com/uploads/sevani-suzordner.jpg)
Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի(ՍՀՍՀԿ) սուզորդների ջանքերով կատարվել է Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրերի բացահայտում և այլ ուսումնասիրություններ: Հայ-ֆրանսիական կենտրոնն առաջին գրանցված սուզորդական կենտրոնն է ՀՀ-ում:
ՍՀՍՀԿ
սուզորդները 2010թ-ից Հայաստանում են և արդեն Սևանի ստորջրյա ուսումնասիրության 8-րդ արշավն են իրականացնում:
Կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը տեղեկացրեց, որ հուլիսի մեկին կնքվել է կենտրոնի և Բնապահպանության նախարարության միջև հուշագիր. «Պարտավորվում ենք երեք ուղղությամբ համագործակցել՝ առաջինը ՀՀ-ում ջրային ավազանների ուսումնասիրությունն է, տեղեկատվության տարածումը, փոխանակումը և էկոկրթությունը»,-ասաց նա:
Արա Ավագյանը նշեց, որ Սևանի համար շահեկան փաստ է, որ մոտ երեք մետր լճում տեսանելիությունը բարելավել է, ինչը խոսում է ջրի որակի մասին, որ Սևանի ինքնամաքրման մեխանիզմը սկսել է աշխատել, իսկ կենդանական աշխարհը լճում լավատեսական վիճակում
չէ. «Ունենք բավական հարուստ փաստագրված տեսաերիզներ, որը շատ լավատեսական չէ, քիչ են հանդիպում ձկների վտառներ, էլ չեմ ասում որոշակի ձկնատեսակներ, որոնք համարյա չեն հանդիպում: Մենք գիտնականների համար նմուշներ ենք ներկայացնում, բայց կարող ենք պարզ ասել՝ աղտոտվածությունը ահագնացող է, քանի որ ափագիծը տեղաշարժվել է և նախկին ափամերձ չմաքրված հատվածը հայտնվել է ջրի տակ, դրան էլ գումարած ձկնորսական պարագաները, որ այս կամ այն պատճառով հայտնվում են ջրի հատակին, որը ծուղակ է ձկների ու կենդանական աշխարհի համար»,-ասաց նա:
Վահե Մելքոնյանը նշեց, որ ուսումնասիրել են ստորջրյա աղբյուրները. «Պարզեցինք, որ ստորջրյա աղբյուրները բավական երկար գծով շարունակվում են, հանեցինք բազմաթիվ նմուշներ, կետերը նշվեցին, աղբյուրները քարտեզագրվել են մեկ գծով, որը բավական երկար է: Ենթադրվող տեղանքում հայտնաբերել են բազմաթիվ աղբյուրներ,
մինչև 8 կմ գծով, մեկ տեղանքում 30-ից ավելի աղբյուրներ ենք հայտնաբերվել, որտեղից
նաև գազեր են դուրս գալիս»:
Ստեփան Կոջայանը խոսեց լճի հատակի գտածոների մասին.
«Հին փայտից նավ ենք գտել, կժեր, կենդանիների ոսկորներ, բազմաթիվ հին ցանցեր, որոնք մեր ժամանակների չեն: Նավակը հետաքրքիր էր, կառուցված էր բավական վաղ ժամանակում, մետաղյա սեպեր կային դարբնի կողմից արված»:
Ստեփան Կոջայանը նաև նշեց, որ համագործակցում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ: