Տարօրինակ բան պետք է ասեմ, բայց մեզ համար շատ հաճելի են այս դժվարությունները. Տեսանյութ

«Փետրվարի 15-ին նախարարը մեզ հանձնեց տարածքի ոսկե բանալին, բայց մենք սեփականության վկայականը ստացել ենք օրերս: Պետք է վերանորոգվի տարածքը, նույնիսկ պլանավորված էր մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ ավարտել, բայց դեռ որոշակի ընթացակարգ պետք է անցնի: Ամեն ինչը պետք է լինի մրցույթով՝ և՛ շենքի
նախագծում, և՛ շինարարությունը: Հաղթող կազմակերպությունը պետք է տարածքի ամբողջական
նախագիծն անի, որպեսզի այդ տարածքը դառնա թատրոն: Երբ ավարտվի այդ գործընթացը, նոր
մրցույթ պիտի հայտարարվի շինարարի համար, քանի որ պետք է ընտրել այն շինարարին, որը
պիտի կառուցի այդ շենքը: Դրանից հետո նոր կսկսվի շինարարությունը»,- նշեց Ժիրայր Դադասյանը:
Ըստ Ժիրայր Դադասյանի լավագույն դեպքում
4 ամիս հետո նոր կսկսվի շինարարական աշխատանքները, որը կավարտվի մոտ 6-7 ամիս անց. «Տարօրինակ բան պետք է ասեմ, բայց մեզ համար շատ հաճելի են այս դժվարությունները: Գործընթաց է սկսվել, որը մեկ տարի առաջ մենք չունեինք: Մենք այսօր արդեն պրոցեսի մեջ ենք, որն, անպայման, իր ավարտը կունենա, լինելու է շատ գեղեցիկ շենք»,- ասաց նա:
Ժիրայր
Դադասյանը ներկայիս հիմնական խնդիրը համարում է տարածքի ամրությանը.«Տարածքը գտնվում է երրորդ հարկում, իսկ առաջին և երկրորդ հարկերը դատարկ են: Այդ իսկ պատճառով ամբողջ շենքը նախ պետք է ամրացնել: Ինձ համար հիմա ամենակարևոր խնդիրը
նա է, որ ապահովվի շենքի սեյսմակայունությունը, քանի որ այնտեղ մենք հարյուրավոր հանդիսատես ենք ընդունելու,
պիտի շատ ամուր լինի: իսկ հաշմանդամների համար այնտեղ պետք է նաև վերելակ լինի»,- հավելեց Դադասյանը:
Արամ Խոջոյանն անդրադառնալով
այս ընթացքում թատրոնի ստեղծագործական աշխատանքին, նշեց, որ Մնջախաղի թատրոնը այժմ մասնակցում է մշակութային կանգառ մասշտաբային նախագծին, որի շրջանակում ներկայացումներով հանդես է գալիս հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում. «Մշակութային կանգառի շրջանակում սեպտեմբերին երկու այցելություն է սպասվում Վայոց Ձորի մարզ՝ Արտաբույնք և Եղեգնաձոր: Իսկ մինչ այժմ ներկայացումներ ենք ունեցել Եղվարդում, Աբովյանում, Մարալիկում և Արթիկում: Տեխնիկական հարցերով ահագին բարդությունների
ենք հանդիպում, բայց մարդկանց ոգևորությունը ստիպում է հաղթահարել դրանք։ Արթիկում
մի լույսով ներկայացում ենք խաղացել, դա այնքան բարդ է խաղալ, ասելիքը փոխանցել հանդիսատեսին։
Բայց այն մեզ հաջողվեց, ինչի մասին էր վկայում արթիկցիների արձագանքը»,-հայտնեց նա: