Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը
![Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-10/medium/1507906208_1.jpg)
![Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը Յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, իմ մասնիկը](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-10/medium/1507906136_21752100_1627725713913504_1424622583049266994_n.jpg)
«Ցուցահանդեսից օրեր առաջ
ինձ մոտ եկավ Ռաֆայել Ջավախյանը, ով բազմիցս առաջարկել է ցուցադրել նկարներս: Այս անգամ
արդեն հարազատավարի, առանց փորձելու երկար համոզել ինձ, հավաքեց աշխատանքներս ու հեռացավ,
կատակով ասելով, թե ցուցահանդեսին ինձ էլ կհրավիրի: Մեր երկրի անկախության տոնի առթիվ
ցուցահանդես բացելն առավել քան խորհրդանշական
է և ոգևորիչ: Խոստովանեմ, որ շատ ուրախ եմ և շնորհակալ Ջավախյանին: Ուշագրավ էր իմ
աշխատանքների դիտարկումը կողքից՝ հանդիսատեսի աչքերով. բացահայտեցի որոշակի տրամադրություն
և մթնոլորտ»,-ասում է Ստեփանյանը:
Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանեսի
գնահատմամբ՝ «… նկարչությունը յուրահատուկ արվեստ է, աստվածնմանողության դրսևորում,
իսկ նկարիչն էլ նմանվում է Արարչին, արարում և ստեղծագործում է…Աստված երբ ստեղծեց երկիրը, սկզբում
խավար էր և Աստված ասաց՝ թող լույս լինի… Այս նկարներում, իրոք, լույս կա»:
Ստեփանյանի գործընկեր, Ալավերդի քաղաքի մշակույթի
ոլորտի փորձառու գործիչ Սիլվա Դավթյանի համոզմամբ՝ Ստեփանյանը
անհատական ցուցահանդեսով դեռևս տարիներ առաջ կարող էր հանդես գալ: Այսօր նա նկարների,
գույների տարբերությունը զգալի է համարում, ինչը խոսում է հեղինակի ինքնակատարելագործման,
ստեղծագործական աճի մասին:
Ռուդոլֆ Ստեփանյանը նկարել է դեռևս մանկուց:
«Վեներայի առևանգումը» հանրահայտ թեմայով յուղաներկ առաջին ավարտուն նկարը՝ արված 10-րդ դասարանում, «խոսուն ճանապարհ» է անցել, անհայտանալով
Թբիլիսիում գտնվող իր հայրական տնից, միաժամանակ տալով Ստեփանյանի արդեն իսկ ուրույն
ոճի և նկարելու շնորհքի իրական գնահատականը: «Մտածում էի ծանոթ բարեկամներից մեկի տանը
երբևէ կգտնեմ, բայց մինչ օրս այն չկա»,-ասում է հեղինակը:
Իսկ ի՞նչն է իրականում դրդում մասնագիտական
կրթություն չունեցող նկարչին վրձին վերցնել և նկարել. Ստեփանյանը համարում է, որ նկարելը
ինքնաարտահայտվելու միջոց է. «Նկարում եմ ինքնարտահայտվելու, բայց ոչ ուրիշներին ցույց
տալու նպատակով: Նկարելիս երբևէ չեմ մտածում, որ պետք է նկարը ցուցադրվի, քննարկվի,
ընդունվի և գնահատվի: Նկարում եմ ինձ համար: Իհարկե, յուրաքանչյուր նկար իր նախապատմությունն
ունի. այդ պահին ինձ հուզող թեմայի գայթակղության
ու պահի ազդեցությամբ էլ նկարում և այդ պահն էլ փորձում եմ պատկերել: Վերջնարդյունքում,
յուրաքանչյուր նկար իմ հույզերի ու ապրումների արտահայտությունն է, և դրանով հանդերձ,
իմ մի մասնիկը: Իսկ թե ով ինչպես է ընկալում՝ կախված է դիտողից: Երբևէ պատվերով չեմ
նկարել, թեև հնարավոր է որևէ թեմա առաջարկեն, և եթե այն իմ սրտով լինի՝ նկարեմ, ինչպես
«Ժաննա դը Արկ»-ը, որը թիֆլիսաբնակ իմ լավ բարեկամ Աշոտի խնդրանքով եմ նկարել: Երբ
սկսեցի նկարել, հասկացա, որ ինչոր բան, ըստ ինձ, պակասում էր նկարին: Մանրամասն կարդացի
Ժաննայի իրական պատմությունը, տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքեցի արտաքին
տվյալների, բնավորության մասին, որից հետո նկարը փոխվեց և ստացվեց այնպես, ինչպես ես եմ նրան տեսնում: Անկեղծ ասած՝
ինձ համար ավարտված նկար չկա և չկա որևէ նկար, որը ձեռքիս տակ ընկնի ու դրա վրա ինչ-որ
բան նորից չփոխեմ: Եթե նկարներիս մեծ մասի առաջին շերտը մաքրվի, տակից այլ բան կբացվի,
և այն առանձին վերցրած ավարտուն գործ է:
Հաճախ է ստացվում, որ նկարելու ժամանակ ծնվում
է այլ գործ, հետո մեկ ուրիշ ու այդպես չես կարողանում կանգ առնել…»,-ասում է զրուցակիցս,
հավելելով, որ հումորով է վերաբերվում հանդիսատեսի գնահատականներին և նույնպիսի հումորով
էլ հիշում է, որ տարիներ առաջ աղջկա դասընկերներից մեկը լինելով իրենց տանը, երբ 4-5-րդ
դասարանում էին, արտահայտվել էր, թե «Ռիմուլիկենց տան պատերից խուժանական նկարներ էին
կախված»: Այն առայսօր համարում է իր լսած գնահատականներից ամենաանկեղծը:
Դատելով ցուցահանդեսի արձագանքից, այնուամենայնիվ,
կարելի է ասել, որ Ստեփանյանը կարողանում է դիտողին փոխանցել իր պատկերավոր ասելիքը,
քանի որ գեղանկարների նրա անհատական ցուցահանդեսն այցելուներին զարմացնում և հիացնում է գեղեցիկը զգալու,
գեղեցիկի ընկալման իր մոտեցումներով:
Ռուզան
Պեպանյան