Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում. Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց
«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստում այսօր` նոյեմբերի 1-ին, լարված իրավիճակ ստեղծվեց Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ:
Արայիկ Խանդոյանի ելույթի ընթացքում մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում: Ձեր նման ողորմելի թափթփուկների պատճառով է...»: Պետրոս Պետրոսյանը կրկին խնդրեց դատարանին թույլ չտալ` Արայիկ Խանդոյանը շարունակի խոսել:
Դատավորը մի քանի անգամ հորդորեց Արայիկ Խանդոյանին ըստ էության խոսել, նույնիսկ նրա պաշտպանին խնդրեց լռեցնել իր պաշտպանյալին: Արայիկ Խանդոյանը, սակայն, շարունակում էր խոսել, դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նա չի կարող լարվածություն ստեղծել դատարանում: Պավել Մանուկյանը խնդրեց տասը րոպե ընդմիջում հայտարարել: Դատավորը համաձայնվեց եւ ընդմիջում հայտարարեց:
Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:
Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: