Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր          Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին       Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է    

23 նոյ 2017 22:50

Ինչ ասաց Հայաստանի ականջին Լավրովը մի վերջին անգամ

Արդյոք Ռուսաստանի արտգործնախարարը միայն ղարաբաղյան զարգացումների շուրջ հարցերով էր շփվում Հայաստանի ղեկավարության հետ իր վերջին այցի ժամանակ, թե ինչ համաձայնեցված չէր Սարգսյան-Պուտին հանդիպմանը` ԵՄ համաձայնագրի վերաբերյալ, դա՛ էր նաեւ տալիս-առնում:
Նոյեմբերի 24-ին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ճիշտ է, համադարման չի լինելու Հայաստանի բոլոր խնդիրների լուծման համար, սակայն ինչ-որ օդանցքի դեր խաղալու է, անշուշտ, որը սովորաբար բացում են սենյակի օդը շատ ծանրանալիս...
 
Ռուսական լրատվամիջոցներով հեռարձակվող Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի` Սոչիում հանդիպման կադրերը հայերիս մոտ անհանգստության զգացում են սրել: Տեսեք, թե ովքեր են մեր ռազմավարական գործընկերոջ գործընկերները, գումարած Ասադն ու Չինաստանը:

Չնայած` թեման Ասադն ու Սիրիան են, սակայն այդ թեման բազմաթիվ ենթաթեմաներ ունի, իսկ համագործակցությունը կարող է խորանալ նաեւ այլ թեմաներով: Ազդեցիկ կադրերը խոսում են ձեւավորված այդ բեւեռի նոր հայտի ու հավակնության մասին` կիսելու աշխարհի, ավելի շուտ տարածաշրջանի լծակները, անկախ իրար մեջ եղած բազմաթիվ տարաձայնություններից:
 
Ի՞նչ կերպ պիտի վարվի փոքրիկ Հայաստանը, եթե միաժամանակ համընկնում են դաշնակիցների եւ ոչ բարեկամ երկրի շահերը: Ճի՛շտ է` առայժմ միայն ու միայն ավելի պետք է լարի ուշադրությունը ու ժամանակին վերծանի իրադարձությունների հետագա զարգացումների հնարավոր սցենարները: Այսինքն` ակնդետ նայի ու հետեւություններ անի ժամանակին:
 
Իհարկե` ինչպես եւ Հայաստանում, այդպես էլ Ռուսաստանում եկող տարի ղեկավար է փոխվելու (իսկ ավելի ճիշտ է նկատել, որ ղեկավարները մնալու են նույնը), ու ամեն ինչ նախընտրական համատեքստում կարելի է դիտարկել, սակայն դա չի կարող մեզ համար հանգստանալու առիթ դառնալ: Դա անգործունյա ու ոչ պրոֆեսիոնալ կլիներ, որովհետեւ ոչ ոք չգիտե, թե ինչպես կվարվի երբեմն անկառավարելի Էրդողանը` իր փոքր եղբոր կպչունության ձեռքը կրակն ընկած, կամ քրդերի խնդիրներով լրիվ հակադրվելով բոլորին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ու ինչ կարող է լինել մեր սահմաններին մերձ, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ու ԱՄՆ թողտվությամբ քրդերն ինքնավարություն ստանան Սիրիայում, իսկ Թուրքիան կորցնի ինքնատիրապետումը:
 
Երբեմն վերլուծությունները հանդիպումներում բարձրաձայն ասված մտքերի մասին անիմաստ են թվում, քանի որ հանդիպումների փակ մասում հավանաբար խոսվում է տրամագծորեն հակառակ բաների մասին` վերլուծություններն ակամա դարձնելով մի քանի շերտ ունեցող դիվանագիտության շարունակություն-քողածածկույթ, որի ներքո անպայման ոչ հրապարակային եւ անսպասելի բաներ են կատարվում: Բայց այլ նյութի, քան պաշտոնական տեղեկատվությունը, ոչ ոք չի տիրապետում, միտումնավոր նետված դիվանագիտության նշանակության վարկածները ներառյալ: Այնպես որ` Լավրովը կգա-կգնա, տարածաշրջանի քաղաքականությունն ուղղորդողները կհավաքվեն կամ ոչ` վերլուծաբանները ստիպված գործ ունեն սահմանափակ նյութի հետ իրական պատկեր ունենալու համար:
 
Տեսանելին այս է. Ադրբեջանն անհանգիստ է` հա զորավարժվում ու զորաշարժվում է, Էրդողանը խոսում է Ղարաբաղյան խնդրի լուծումը Ռուսաստանի ձեռքում լինելու մասին, Լավրովը պիջակը հանում է Երեւանում եւ հագնում Ադրբեջանում` լրիվ հակասական պահելով իրեն, ռուսական վերլուծաբանները մի կողմից գրում են ԵՄ հետ համաձայնագրային պարտավորություն կառուցել պատրաստվող Հայաստանը կորցնելու, մյուս կողմից` ԵՄ դռները թակող Հայաստանով դեպի Եվրոպա պատուհան ունենալու մասին` այսինքն մտրակն էլ, բլիթն էլ միշտ պատրաստ են պահում: Զուգահեռ` ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստածրագրով Նժդեհին անվանում են նացիստ, ՀՀԿ-ին ըստ այդմ` նացիստական կուսակցություն, իսկ արիացիներ բառն էլ` նացիստների հոմանիշ են դիտում: Խեղճ ռուսներ, որտեղից իմանան արիացի բառի իմաստը, երբ արիացիները կային` իրենք որտեղ էին, եւ որ` արը մեր ինքնության հոմանիշն է, երեւի ռուսներին լավ չենք բացատրել սա, մեղավոր ենք:
 
Դե համ էլ` մեր ԵՄ մտնելու հավակնությունից շշկլված` ռուսական պահպանողական շրջանակները իրենց հին «տապոռային» կեցվածքից բացի ի՞նչ կարող են բանեցնել, ի տարբերություն առաջադեմ ռուսական շերտերի, որոնք հանգիստ են նայում այս բոլորին կամ առողջ են վերլուծում իրավիճակը:
 
Մեզ համար կարեւորն այս պահին հավասարակշիռ պահելը պիտի լինի, զանազան մեքենայությունների ու սադրանքների չտրվելը`ում մտքում ասես կարող է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վիժեցումը լինել, եւ անգամ մեր ռազմավարական դաշնակցի գործողություններին քննաբար-արթուն նայենք` ոչ ոք պիտի չկարողանա Ղարաբաղյան հարցում մեքենայություններ բանեցնելով` վիժեցնել համաձայնագիրը, որը, էլի ենք ասում, չի կարող բոլոր հարցերի, անգամ մի քանի հարցերի բալասանը լինել, բայց պետության արժանապատվության եւ հեղինակության խնդիր կարող է լուծել: Հեղինակավոր պետությունը հանգիստ է նայում իր ապագային, այդ ճանապարհին մի շեշտադրում էլ կարող է ստորագրվող համաձայնագիրը ինել:
 
Որքան էլ Էրդողանը ճամարտակի եւ դեռ Սոչիում Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը նախորդող օրվա մեջ բզբզի` հինգ շրջանի վերադարձ, Թուրքիայի համար առանձնահատուկ հարց, ասա`շունը հաչի, քամին փչի: Չնայած, հա, Սոչիում Ղարաբաղյան հարցն ակնատես օրակարգում չէր` Սիրիայի հետ կապված տարաշրջանային իրավիճակն էր գլխադաս, բայց ինչ իմանանք`չի՞ քննարկվել այն օրակարգի փակ մասում, չէ՞ որ հարցերի պոչերը միշտ էլ գտնվում են «մեկը մեկելի տակին»:
 
Արդյոք Սերգեյ Լավրովն, այնուամենայնիվ, պայմանավորվում էր ԵՄ համաձայնագրի տեքստում հակամարտությունների կարգավորման երկու հակադիր սցենարների դեպքում Հայաստանի պահվածքի վերաբերյալ: Հատկապես որ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արմեն Աշոտյանի խոսքում կար կասկած` ԵՄ գործընկերները պետք է համարժեք պահեն իրենց, ու Հայաստանն ակնկալում է մեր ազգային շահերից բխող ձեւակերպումներ` մեզ համար «աքսիոմատիկ գերակայություն» հանդիսացող Արցախի հարցի վերաբերյալ: Հակառակը կարո՞ղ է լինել, ու այդ դեպքում` ի՞նչ, դեռ թեորեմ պետք է ապացուցե՞նք...
 
Առայժմ այս վիճակն է. փարատված են մտահոգությունները, թե տեխնիկական պատճառներով որեւէ պետություն ծանոթ չի լինի Հայաստան-ԵՄ համաձայնագրին` թարգմանությունները մեր բարեկամների եւ շատ դեպքերում հայկական տեղական շրջանակների ջանքերով հասել են բոլոր ԵՄ անդամ պետություններին, ոչ ոք չի կարող ասել, որ ծանոթ չէ համաձայնագրին: Մնում է հակամարտությունների կարգավորման դրույթներում երեք սկզբունքների (ինքնորոշման, մարդու իրավունքների եւ տարածքային ամբողջականության) միաժամանակյա ամրագրման ինտրիգը:
 
Հայաստանը շատ բաներում է եղել առաջինը, հիմա էլ առաջինի պահ կա` ԵՏՄ անդամ երկիրը, այսինքն` մեկ տնտեսական դաշինքի անդամ երկիրը մասնակցելու է մի այլ դաշինքի, որը նույնպես տնտեսական համագործակցություն է ենթադրում: Ճիշտ է` լայն տնտեսական համագործակցություն եւ ազատ շուկայի լիարժեք մասնակցություն դեռ չի ստացվի, դա համաձայնագրով նախատեսված էլ չէ, բայց համագործակցություն, անշուշտ, կլինի տարբեր տնտեսական ծրագրերում: Նախադեպ է` առաջինը լինելու պահով: Իսկ թե ինչ պիտի լինի այն պարագայում, երբ ԵՏՄ-ն անընդհատ որոշի, որ Հայաստանի այս կամ այն տնտեսական մասնակցությունը ԵՄ ծրագրերին հակասում է ԵՏՄ շահին` կապրենք-կտեսնենք: 
Առայժմ հայտնի է, որ նախագահ Սարգսյանն արդեն մեկնել է Բրյուսել` մասնակցելու Արեւելյան գործընկերության երկօրյա գագաթաժողովին, որի շրջանակում էլ պետք է ստորագրվի համաձայնագիրը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր