Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

18 դեկ 2017 09:45

«Միլիոններ են գողանում, մնում են անպատիժ». Շարլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ։ Այս մասին ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով, հաղորդում է «Ազատությունը»։

 


«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները», - ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ - «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:


Ըստ նրա Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել:

Շանսոնյեն անդրադարձել է նաեւ «Շարլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է նախորդի մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաեւ մշակութային գործունեություն է ծավալելու:


Նույն հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաեւ Ֆրանսիայի նախկին եւ ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին եւ Էմանյուել Մակրոնին:

«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ», - ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ - «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»:


Հավելենք, որ ֆրանսահայ երգիչը շարունակում է համերգներով հանդես գալ: Անցյալ շաբաթ Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Մամուլը բազմաթիվ գրախոսականներով արձագանքեց Ազնավուրի այդ մենահամերգին՝ նրան որակելով իբրեւ «ֆրանսիական երգի վերջին մեծը», ավելին՝ «ֆրանսիական երգի վերջին հսկան»:

Ազնավուրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում համերգներով հանդես կգա հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 6-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր