Եթե կառավարությունը չհրաժարվի, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու. Տեսանյութ
Հուլիսի
6-ին Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր ԱԺ պատգամավոր, Համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանին: Ստեփան Մարգարյանը անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նշեց, որ կողմ է այդ ծրագրին՝ միաժամանակ ընդգծելով, որ իր կարծիքով՝ ապագան Հայաստանում այլ տիպի համակարգինն է: «Համայնքների խոշորացման ծրագիրը համարում եմ Հայաստանի համար շատ կարևոր ռեֆորմների շարքից:
Այն, ինչ հիմա արվում է, իհարկե,
այն չէ, ինչը վերջնական պետք է լիներ,
բայց սա արվում է՝ մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից: Բազմաթիվ համայքներում տեղական ինքնակառավարում չունենք: Փոքր քանակով բնակչություն ունեցող գյուղերում պարզ է, որ այդ ինստիտուտը չի աշխատի: Մենք ունենք գյուղեր, որոնց տարեկան բյուջեն մի քանի հարյուր հազար դրամ է, և համահարթեցման գծով դոտացիա են ստանում 3.5 մլն դրամ, որը հազիվ բավարարում է միայն տեղական իշխանության աշխատավարձը, ծառայություն մատուցելու համար գումար չի մնում»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով՝ խոշորացումը բերում է նրան, որ ամեն համայնքի ունեցածը միավորվում է, ու համատեղ ինչ-որ հարց գուցե լուծվի դրանով: «Հայաստանում տարածքներն ընդհանրապես չեն զարգանում և պարզ չէ՝ ինչ է լինելու այդ համայնքի կամ այդ տարածաշրջանի բնակչության հետ մի քանի տարի հետո: Դրա համար անհրաժեշտ է տարածքների զարգացման իրատեսական ծրագիր: Եթե այդ ծրագրերը լինեն ու համապատասխան գումարներն էլ լինեն, նոր խոշորացումը էֆեկտ կունենա, եթե դա չլինի, այս խոշորացումը առանձնապես մեծ բան չի փոխի: Ես կարծում եմ՝ սրանով այս պրոցեսը պետք է դադարեցվի, առնվազն մի քանի տարի չշարունակվի, մինչև հասկանանք՝ ինչ խնդիրներ են առաջանում: Այսինքն՝ այն, ինչ արել ենք, պիլոտային ծրագրեր են, բայց կարիք ունեն լուրջ ուսումնասիրության»,- ասաց նա:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքին՝ Ս. Մարգարյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կհրաժարվի դրանից. «Իսկ եթե չհրաժարվի, առաջիկայում ընտրություններ են, թող ժողովուրդը որոշի՝ ինչ է անելու»: