Կողմերը համաձայնել են Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը. ՄԽ համանախագահների հայտարարությունը

Մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ ԱԳ նախարարները եւ համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը:
«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:
Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել ներկայացված աշխատանքային առաջարկություններում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները նաեւ կոչ են արել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել `որպես բանակցային գործընթացի կարեւոր ներդրում: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»:
Համանախագահները արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։
Համանախագահները ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել։