Արմեն Սարգսյանի Range Rover-ը, 3 առանձնատունը, բնակարաններն ու անհայտ եկամուտը
Armtimes.com-ը գրում է. «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի ՀՀԿ թեկնածուն է, տարիներ շարունակ թաքցրել է իր կարողությունն ու եկամուտները:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որեւէ նշում նրա աշխատավարձի մասին: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչեւ 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:
Արմեն Սարգսյանի բնակարաններից մեկը գտնվում է մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Կասկադի հարեւանությամբ: 2012 թվականին Արմեն Սարգսյանն ընդլայնել է իր բնակարանը: Թամանյան փողոցում Սարգսյանը 5 հարկանի շենքի 5-րդ հարկում գտնվող բնակարանի վրա եւս մեկ հարկ է ավելացրել՝ փոփոխելով շենքի արտաքին տեսքը:
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան որոշակի բիզնեսների հետ նրա ունեցած կապի մասին: Խոսվել է «Սի Փի Էս», «Արմսվիսբանկ» ընկերությունների հետ իր անուղղակի կապի մասին: Սարգսյանը կապ է ունեցել նաեւ սնանկացած «Արմավիա» ավիաընկերության հետ»,-գրում է կայքը: