Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի` անվտանգության խորհրդում չընդգրկվելու մասին
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 9-ից ուժի մեջ օրենսդրական կարգավորումներին, ըստ որոնց Ազգային անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ ղեկավարը:
«Անվտանգության խորհուրդն, ի տարբերություն մինչեւ ապրիլի 9-ը գործող խորհրդի, նախատեսում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալ նախագահին բազում հարցերի վերաբերյալ: Այս դեպքում անվտանգության խորհուրդը դառնում է այլ մարմին, որը որոշելու է երկրի պաշտպանության հետ կապված կարեւորագույն հարցերը, քաղաքականությունը եւ ի տարբերություն նախկինի այն ընդունում է որոշումներ, որոնք ունեն հետեւանքներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախարարն անդրադարձավ նաեւ փաստին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նոր օրենսդրությամբ, անցնելու են վարչապետի ենթակայության ներքո:
«Կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի հատկապես այդ կառույցների աշխատանքի համար, դա կարող էր լինել որեւէ նախարար կամ վարչապետը, տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվություն վերցնում է վարչապետը: Խնդիրը այն է, որ ներկայումս գործող համակարգի պայմաններում նրանք համարվում էին կառավարությանը առընթեր մարմին, չունեին անձնավորված քաղաքական պատասխանատու»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք առաջին փոխվարչապետի լիազորություններին, նախարարն ասաց, որ նա փոխարինելու է վարչապետին: