Թիվ մեկ քաղաքական խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է. Նիկոլ Փաշինյան

«Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի, հիմա էլ եմ նույնը ասում: Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, ասել եմ դա 2015-ին, բայց ասել եմ, որ այդ խնդիրը լուծվելու է 2018 թվականի ապրիլին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2014-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն հիմա հակառակն է անում:
«Այս պահին թիվ մեկ քաղաքական խնդիրը այդ վերատադրությունը թույլ չտալն է: Ես այդ հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր՝ որպես քաղաքական գործիչ ու ՀՀ քաղաքացի, բայց, ցավոք սրտի, խնդիրը դրա իրականացման մեջ է: Ես նաև նախկինում հանրությանը լուծման ձև եմ առաջարկել, ասել եմ, որ կա այսպիսի խնդիր, ասել եմ, որ դա կարող է լինել միայն կամարտահայտությամբ, հիմա եկեք կազմակերպենք կամարտահայտում: Երբ ՀՀ քաղաքացիներն այդ կամքը կարտահայտեն, ես ի կատար ածելու երաշխավոր եմ համարում ինձ՝ որպես քաղաքական գործիչ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2016 թ-ի ամռանը կար այդ շանսը, սակայն «Սասնա ծռերի» գործընկերները հրաժարվեցին այդ պահանջից: «Ցանկացած պահի, եթե հնարավոր կլինի նման ևս մեկ «հարցում» կազմակերպել, մենք կմտածենք այդ մասին: Ցավոք, «Ելք» խմբակցության մանդատի շրջանակն այնպիսին չէ, որ մենք կարողանանք այդ խնդիրն առանց լրացուցիչ պրոցեդուրաների լուծել»,-ասաց նա:
Իսկ այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ վերցրին մանդատները, նա ասաց. «Մանդատները վերցրել ենք, որպեսզի հնարավորության դեպքում ընդլայնենք»: