«Բոշան դու ես» արտահայտության հետքերով. Վիգեն Սարգսյանի դեմ դիմումը ստացվել է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Էթիկայի հանձնաժողովից:
Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձնաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին:
Երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարության տակ թողել էր հետյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան` Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:
Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ: