ԵՊՀ ռեկտորը սկանդալի կենտրոնում հայտնված փոխդեկանին կխնդրի պաշտոնից ազատման դիմում գրել
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից այսօր հետաքրքվեցինք՝ ուսումնասիրե՞լ է ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները և ի՞նչ եզրակացության է հանգել:
«Ինչ-որ բաներ ուսումնասիրել եմ... Ինչ էլ որ լինի, խնդիրները եղել են կենցաղային հողի վրա: Կապ չունեն համալսարանի հետ: Դա իրենց անձնական գործն է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նման դեպքում, եթե նա պաշտոնատար անձ է (իսկ ինքը դեկանի տեղակալ է), նույնիսկ կենցաղային հողի վրա այդպիսի խնդիրները իրավունք չեն տալիս նման ձևով պահել: Եվ այդ պատճառով ես երևի իրեն կխնդրեմ ազատել դեկանի տեղակալի պաշտոնը: Նա գիտությունների թեկնածու է, դոցենտ է, թող շարունակի դասախոսել, բայց արդեն դեկանի տեղակալի պաշտոնը զբաղեցնել երևի չի կարող: Կապ չունի, որ խնդիրն ուղիղ համալսարանին չի առնչվում, բայց միևնույն է, տհաճ բան է: Կարծում եմ, որ մանկավարժի կոչմանն այնքան էլ հարիր չէ»,- Armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:
Պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով Արամ Սիմոնյանը դեռ չի դիմել Գևորգ Բարսեղյանին. «Ես իրենից պահանջել եմ բացատրություն: Դա կլինի, դեկանի բացատրությունն էլ կլինի, նոր կորոշեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես կորոշեմ»: