Նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն. Շարմազանով
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1549527990_5573823.jpg)
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ:
Հարգելի գործընկերներ, չնայած որոշ գործիչների փորձի`մեր երկրում փոխանցել նախընտրական տրամադրություններ, հարկ եմ համարում նշել, որ համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձեւավորվել են թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը: Հետեւաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչեւ 2022 թվականը ձեւավորել են իշխանություն:
Հարգելի խորհրդարան, քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը անվտանգության մարտահրավերներն են, որի մասին ելույթ ունեցավ նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտագության համաժողովում:
Իր «մյունխենյան թեզիսներում» նախագահ Սարգսյանը նշեց.
Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակից է,որի արդյունքում թե՛ ԵՏՄ անդամն ենք եւ թե՛ գործընկերային համաձայնագիր ենք կնքել Եվրոպական միության հետ:
Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում են մեր տարածաշրջանի անվտագության հիմնական սպառնալիքները:
Ադրբեջանի ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ֆոնին: Այլ կերպ ասած`քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը հղի է լուրջ հետեւանքներով:
Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած նախապայման անընդունելի է:
Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, եւ որեւէ սկզբունք չի կարող ավելի լինել, քան ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը:
Այսպիսով, «մյունխենյան թեզիսները» վերահաստատեցին, որ Հայաստանը շարունակելու է իր ավանդը ներդնել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության գործում եւ միեւնույն ժամանակ մեր երկիրը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի ամրապնդմանը` ապահովելով անվտանգություն եւ առաջընթաց: