Կոտայքում ՊՆ 32-ամյա աշխատակիցը Volkswagen-ով բախվել է Գագիկ Ծառուկյանի հորը պատկանող Toyota Land Cruiser-ին. լուսանկարներ
Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Մուլտի Լեոն» բենզալցակայանի դիմաց բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 08 OP 008 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 35 NZ 442 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagn-ի ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վալեր Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով, Volkswagen-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ սթափության աստիճանը գերազանցելով սահմանված չափը։ Toyota Land Cruiser-ի վարորդը նույնպես ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Է. Պետրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Toyota Land Cruiser-ն էլ պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորը՝ Նիկոլայ Ծառուկյանին, ով այդ պահին ավտոմքենայում չի եղել։