Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

21 մար 2018 20:00

Սեռական բնույթի հանցագործություններից տուժած երեխաների մեծ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան

Սեռական բնույթի հանցագործություններից տուժած երեխաների մեծ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկանՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անչափահասների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում՝ ձևավորման պահից սկսած։
«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ:
Հազվադեպ չեն դեպքերը, երբ այդ «վստահությունը» հանգեցնում է անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելուն կամ նրան դարձնում խոցելի վիկտիմոլոգիական տեսանկյունից:
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, և համոզված եմ, որ արտահայտված կարծիքները և ընդունած որոշումները կունենան մեծ գիտագործնական նշանակություն»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարվող հանցավորության ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործություններին (մահվան խմբեր, սեռական բռնություն և այլն), անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը, ինչպես նաև՝ մանկահասակ հանցագործների նկատմամբ օրենսդրության մարդասիրականացման, սեռական բռնության զոհ-երեխաների հոգեբանական վերականգնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ այս, հարցը հատկապես վերջին տարիներին, բավական ակտուալ է դարձել։ ՀՀ Քննչական կոմիտեն, իր նախաձեռնությամբ, սկսել է վարել երեխաների դեմ ուղղված և ընտանեկան բռնությանը վերաբերող հանցագործությունների հատուկ վիճակագրություն, որի շնորհիվ ձևավորվել է հստակ տեղեկատվություն՝ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց դեմ կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ, ինչին էլ համապատասխան մշակվել է քրեաիրավական քաղաքականությունը, կատարվել մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ:
ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է ,որ 2015-2017 թթ.ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:
Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Սույն վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։
Անչափահասների մասնակցությամբ, նրանց դեմ կատարվող հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություններից տուժած անչափահասների կրկնակի զոհայնացումը բացառելու նպատակով կարևորվել է քննիչների մասնագիտացումը՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից։ Քննչական կոմիտեն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց արդյունքում նեղ մասնագիտացում է ստացել ՔԿ 21 քննիչ։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կահավորվում են առանձին քննչական սենյակներ՝ անչափահասների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների համար:
ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ հետևողականորեն կատարվող աշխատանքների արդյունքում հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ՝ թե՛ քննության մեթոդիկայի և թե՛ բացահայտման ուղղությամբ։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ուղղված ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ՝ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների նվազեցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությանը, քանի որ հաճախ է պատահում, երբ ընտանիքը, որը պետք է պաշտպանի երեխային և նրա իրավունքները, ոչ միայն չի իրականացնում սույն գործառույթը, այլ նաև խախտում է այն: Կանխարգելիչ միջոցները առաջին հերթին պետք է ուղղված լինեն երեխաների պաշտպանությանը բացասական տեղեկատվությունից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման և երեխայի դաստիարակության որակի բարելավման վրա ընտանիքում, ինչպես նաև՝ դպրոցում:
Ա.Հովսեփյանը կարևորեց նաև  խնամակալության  և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոնք, ունենալով իրավասությունների լայն շրջանակ երեխաների պաշտպանության հարցում, գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ, ինչին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են պետական և ոչ պետական մարմինները, և նույնիսկ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Կոնֆերանսին ելույթներ են ունեցել նաև երկու երկրների քննչական կոմիտեների, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ մասնակիցները փաստել են, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների և կազմակերպությունների համակարգային և պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև՝ նրանց միջև փոխշահավետ համագործակցությունից՝ ներառելով քաղաքացիական հասարակությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր