Անձնային առանձնահատկություններն են որոշում մարդու հակազդումը ցավի նկատմամբ և ցավային գրգռիչին դիմակայելու ունակությունը
Ամենատարբեր վարքային հակազդումները, որոնք առաջանում են սուր
և քրոնիկական ցավի ժամանակ, ներկայացվում են «ցավային
վարք» տերմինով, որը ներառում է վերբալ և ոչ վերբալ հակազդումներ:
Այլ կերպ` «ցավային վարքը» սեփական ցավի մասին
շրջապատողներին տեղեկացնելու միջոց է:
«Ցավային վարք» տերմինն առաջին անգամ գործածել է Ու. Ֆորդյուսը: Հետագայում մի շարք հեղինակներ նկարագրել
են ցավային վարքի դրսևորումները ցավով պացիենտների շրջանում:
Ցավային վարքը պայմանավորված է ոչ միայն ցավի բնույթով և ինտենսիվությամբ,
այլև մեծ մասամբ որոշվում է անձնային առանձնահատկություններով: Անձնային առանձնահատկություններն են որոշում մարդու հակազդումը
ցավի նկատմամբ և նրա ցավային վարքը, ցավային գրգռիչին դիմակայելու ունակությունը, ցավին
տրվող հուզական զգացողությունների պատասխանը և հաղթահարման միջոցները: Օրինակ՝ հայտնաբերվել
է կորելյացիա ցավի տանելիության և անձի այնպիսի գծերի միջև, ինչպիսիք են ինտրովերտությունը, էքստրավերտությունը և նևրոտիզմը: Էքստրավերտները
ցավային զգացողությունների ժամանակ ավելի վառ
են արտահայտում սեփական հույզերը և ունակ են ժխտելու ցավի զգայական ազդեցությունները:
Մինչդեռ նևրոտիկ և ինտրովերտ անհատները «տառապում են լռության մեջ» և ավելի զգայուն
են ցանկացած ցավային ազդակի նկատմամբ:
Ցավային վարքը պայմանավորված է նաև արտաքին գործոններով: Այսպես՝
պացիենտը որքան մեծ ուշադրություն և աջակցություն է ստանում շրջապատողներից, այնքան հաճախ
է ցավային վարքն օգտագործում իր նպատակների համար, արդյունքում` ամրապնդում է ցավային
պրոբլեմը: Բացի դրանից, ցավային վարքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ֆիզիկական
ակտիվության սահմանափակումը, ուրիշի օգնության պահանջմունքը, իրենց հերթին սահմանափակում են պացիենտի ակտիվությունն ու ադապտացիան, երկար ժամանակով «անջատում» նրան
նորմալ կյանքից:
Քրոնիկական ցավով պացիենտների ցավային վարքի բնույթի վրա նշանակալի ազդեցություն ունեն
կոգնիտիվ գործոնները` վերաբերմունքը ցավի նկատմամբ, պատրաստվածությունը «պայքարի» նկատմամբ,
հույսը կամ, հակառակը, հավատի բացակայությունը բուժման նկատմամբ: Պարզվել է, որ հավատացող
մարդիկ հեշտությամբ են հաղթահարում ցավը և ավելի արագ են գտնում հաղթահարման ուղիները:
Հ.Գ.Թ. Սոնա Հարությունյան