Մեծահարուստի տղա լիներ՝ պարզել էին. Հրազդան գետից մահացած դուրս բերված երիտասարդի հարազատները դժգոհ են գործի քննությունից
1in.am գրում է.
Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի հարազատները դժգոհ են գործի քննությունից։ Վարդանի քույրը՝ Մերի Մնացականյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իր մայրը և եղբայրը նույնպես հարցաքննվել են, բայց ոչ մի տեղաշարժ, լուրջ արդյունք չկա։ «Սպասում ենք դատաբժշկական եզրակացության արդյունքներին։ 40-45 օրվա ընթացքում դրանք կլինեն ու կիմանանք՝ եղբայրս մինչև երբ է ողջ եղել, մահը երբ ու ինչի հիման վրա է վրա հասել։ Բայց մայրս իր հարցաքննության ժամանակ պնդել էր, որ բոլոր կամերաների ձայնագրությունները հանեն։ Բացեն աշխատանքի վայրի կամերաները, տեսնեն վերջին անգամ ինչ է արել, ում հետ է խոսել, ուր է գնացել»,- ասաց Մերին՝ հավելելով, որ գործում ներգրավված չէ ոչ մի տեսախցիկի ձայնագրություն, ինչն ակնհայտ միտում է։ «Եթե մի մեծահարուստի տղա լիներ եղբորս տեղը, վայրկենական բոլոր հնարավոր-անհնար տեղերից կամերաները կհանեին, ձայնագրությունները կվերծանեին ու կպարզեին՝ ուր է գնացել, ինչ է եղել, զանգերը կհանեին, կվերծանեին։ Իսկ մեր դեպքում ոչ մի տեղաշարժ»,- ասաց Մերին։
Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Հարազատները համոզված են, որ նրան սպանել են։Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու