Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 ապր 2018 20:00

Հզոր երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր ու վիրավորներ. Դաշտային ուսումնավարժանք՝ 36 ժամ անընդմեջ

Ապրիլի 6-ին ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում շարունակվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան անցկացվող՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով 36 ժամ տևողությամբ ուսումնավարժանքը:
Ըստ սցենարի՝ պայմանական երկրում գրանցվել էր 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ և «տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել էր միջազգային հանրությանը: Ապրիլի 5-ին ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական թիմն արդեն ժամանել էր «աղետի գոտի» և անցել իր պարտականությունների կատարմանը:
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջ գիշեր նույն ինտենսիվությամբ շարունակեց որոնողափրկարարական աշխատանքները «աղետի գոտու» իրեն հատկացված հատվածում: Առանց ընդհատումների աշխատանք ապահովելու նպատակով հայ փրկարարները գործում էին հերթափոխով, որը հնարավորություն էր տալիս ծանր աշխատանքից հետո վերականգնել ուժերը՝ այդպիսով բարձրացնելով նաև իրականացվող փրկարարական գործողությունների արդյունավետությունը:
Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում էին երկաթբետոնյա շինությունների ներսում, որտեղ առկա էին «զոհեր, վիրավորներ և արգելափակված անձինք»: Մարդկանց փլատակներից դուրս բերելու, արգելափակված անձանց ազատելու համար հայ փրկարարները օգտագործում էին հատուկ փրկարարական տեխնիկա:
Վարժանքի ընթացքում իրականացվել են պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման, առաջին բուժօգնության ցուցաբերման և այլ աշխատանքներ:
36 ժամ անընդմեջ աշխատանքի արդյունքում ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմն ամբողջությամբ լուծեց ուսումնավարժանքի սցենարով իր առջև դրված խնդիրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր