Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 ապր 2018 16:20

Էդմոն Մարուքյանն իշխանությանը մեղադրեց ստելու մեջ

Էդմոն Մարուքյանն իշխանությանը մեղադրեց ստելու մեջՀայաստանը երկու ինտեգրացիոն գործընթաց չի վարում, նման բան չկա. ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵՏՄ-ի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է թարմացներ ԵՄ-ի հետ իր հնացած պայմանագիրը, որը թարմացվել է, ինչն իրենք ողջունել են:

«Այո, մենք ունեցել ենք շանս ավելին ստանալու ԵՄ-ի հետ հարաբերություններում, որից զրկվել ենք: ՀՀ իշխանությունները երկու բան ունեն, որ ամբողջ աշխարհին ասում են. առաջինը, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման, երկրորդը՝ որ մենք ԵՄ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիրը, վաղն էլ վավերացնելու ենք: Խորհրդարանական կառավարման անցնելը, պարզվեց սուտ է, եւ մենք պահանջելու ենք, որ Հայաստանն անցնի լիարժեք, իրական, ոչ իմիտացիոն խորհրդարանական կառավարման: Երկրորդ, մենք ամեն ինչ անելու ենք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը իսկապես կյանքի կոչվի: Այո, Հայաստանը վաղը կվավերացվի համաձայնագիրը, բայց խաղը սկսվելու է դրանից հետո»,-ասաց Մարուքյանը:

«Հայաստանը կստեղծի՞ հակակոռուպցիոն մի մարմին, այնպիսի վստահելի մարդկանցով, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ, Հայաստանն այնպես կանի՞, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, Հայաստանն այնպես կանի՞, որ ՏՄՊՊՀ-ն չլինի այնպիսին, ինչպիսին այսօր է, այնպես կանի՞, որ հաշվեքննիչ պալատն այնպիսին լինի, որ իր առաքելությունն իսկապես կատարի: Հայաստանն այնպես կանի՞, որ ԿԸՀ-ն այնպիսին լինի, որ ընտրական ինստիտուտի հանդեպ վստահությունը բարձրանա: Մենք բնականաբար կասկածներ ունենք եւ լինելու ենք դրա պահանջատերը: Որ հարթակում էլ ասեք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է դարձել, մենք պետք է ասենք, որ սուտ եք ասում: Բոլոր հարթակներում եթե ասեք, որ ԵՄ-ի համաձայնագրով այս-այս ենք արել, ու արած չեղաք, էլի ասելու ենք՝ սուտ եք ասում»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք պայքարելու են, որ Սահմանադրությամբ հակակշռող մեխանիզմները եւ փոխզսպող ինստիտուտները լինեն:

Անդրադառնալով հայաստանի անվտանգության խնդրին, «Ելք»-ի պատգամավորն ասաց, որ Հայաստանն իր անվտանգությունը կարող է ապահովել իր տնային աշխատանքով. «Տնային աշխատանքով միայն կարելի է ունենալ հզոր տնտեսություն, որի վրա կարող է հենվել հզոր բանակ: Մինչեւ այդ տնային աշխատանքը չանենք, չենք կարող ունենալ անվտանգություն: Ոչ մի Ռուսաստան, ոչ մի Եվրամիություն, ոչ մի Ամերիկա մեր անվտանգության երաշխավորը չեն: Ցավոք, մինչ այս պահը միայն իմիտացիաներ են եղել»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Ելք» դաշինքը մոնիտորինգի է ենթարկելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. «Այդ բեռը վերցրել ենք մեզ վրա»:
Նա նաեւ անդրադարձավ Ռուսաստանում հայ վարորդների խնդրին՝ նշելով. «Հենց հիմա ՌԴ տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում ասելով՝ որ պետք է վարորդական իրավունք հանեք: Կառավարությանը հորդորում եմ զբաղվել այս հարցով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր