Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին

Նման եզրակացության են եկել հետազոտողներ Ալեքսեյ Բեսսուդնովը Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից և Անդրեյ Շչերբակը ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանից սոցիալական էքսպերիմենտի արդյունքնում։
Այդ էքսպերիմենտն անցկացվել է պարզելու համար վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների հանդեպ ՌԴ քաղաքների աշխատաշուկայում: Ըստ զեկույցի, սոցիոլոգներն աշխատանքի որոնման 2 ռուսական կայքում հարյուրավոր ֆիկտիվ ռեզյումեներ են տեղադրել 14 ազգությունների թեկնածուներից և ավելի քան 9.000 թափուր տեղի հայտ ներկայացրել: Ռեզյումեները տարբերվել են միայն անուններով և ազգանուններով:
«Կարելի է գալ եզրակացության, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուները խտրական վերաբերմունք ունեն հարավային երկրներից և ՌԴ հարավային շրջաններից այլազգիների հանդեպ: Վրացիներին հարցազրույցի են կանչում դեպքերի 26%-ում, հայերին՝ 27%, չեչեններին , ադրբեջանցիներին, տաջիկներին ու ուզբեկներին՝ 28%: Թաթարական ազգանունների դեպքում ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 29%»,-ասվում է զեկույցում:
Ըստ զեկույցի, տղամարդկանց հանդեպ վերաբերմունքն ավելի խտրական է, քան կանանց դեպքում՝ հավանաբար, դա կապված է Կովկասից և Միջին Ասիայից ՌԴ եկած տղամարդկանց որպես սպառնալիք ընկալելու հետ:
Ամենից լավ Մոսկվայի և Պետերբուրգի գործատուներն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին՝ դեպքերի 41% նրանք հրավիրվում են հարցազրույցի, ուկրաինացիներին՝ 40%, հրեաներին՝ 39%, գերմանացիներին՝ 37%: