Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 ապր 2018 15:15

Համաշխարհային լրատվամիջոցները՝ Հայաստանի իրավիճակի մասին. Սարգսյանը վարչապետ դարձավ բողոքների ֆոնին

 
Համաշխարհային լրատվական գործակալություններն անդրադարձել են Հայաստանի իրադարձություններին, որտեղ արդեն վեցերորդ օրն է՝ շարունակվում են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիաները, որի առաջնորդն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի նախկին նախագահը վարչապետ դարձավ բողոքների ֆոնին», «Հայաստանում ցուցարարները նոր վարչապետի վրա ճնշում են գործադրում», «Հայաստանում ոստիկանները ցուցարարներին ձերբակալում են Սարգսյանի դեմ ցույցերի թեժացման ֆոնին»՝ այսպիսի վերնագրերով են հրապարակվել Երեւանի փողոցներում իրավիճակի մասին հոդվածները: Բրիտանական «The Times»-ն անգամ իր նյութն այսպես էր վերնագրել՝ «Հայաստանում հասունացող հեղափոխություն»:
«Հայաստանի նախկին նախագահը երեքշաբթի վարչապետ ընտրվեց, երբ մայրաքաղաքում հավաքվել են մոտ 40 հազար ցուցարարներ, որ դիմակայեն, իրենց դիտարկմամբ, իշխանության զավթմանը»,- գրում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ ցուցարարները «պատգամավորներին հետ չպահեցին Սերժ Սարգսյանի թեկնածությանը 77 կողմ եւ 17 դեմ ձայներով հավանության տալու որոշումից:
Ինչպես նշում է AFP գործակալությունը, ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ, երբ փորձել են արգելափակել մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը: Դրանից բացի, գործակալությունը գրում է, որ բողոքի ակցիաներ են բռնկվել նաեւ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում:
Բրիտանական BBC-ն, իր հերթին, հայտնում է, որ «շատ հայեր ցանկանում են իրենց երկրում իսկական փոփոխություններ տեսնել, սակայն զգում են, որ իրենց այդ հնարավորությունից զրկում են, քանի որ ղեկավարությունը նույնն է մնում»:
Al Jazeera-ն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել «թավշյա հեղափոխություն» անցկացնել: «Սարգյանը նախագահել է տասնամյակներ շարունակ եւ անցյալ շաբաթ հեռացել էր նախագահական ժամկետի լրանալու պատճառով: Սակայն Հայաստանի նոր սահմանադրությունը նախագահի պաշտոնը արարողակարգային է դարձրել եւ ուժեղացրել վարչապետի պաշտոնը, ինչը Սարգսյանին թույլ է տվել իր ազդեցությունը պահպանել»,- գրում է Al Jazeera-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր