Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 ապր 2018 16:20

Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները

Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցություններըԱզգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական 4 խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են: «Արմենպրես»-ը զրուցել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Հանրապետական խմբակցությունը Սահմանադրությամբ տրված ժամկետներում` մինչև ապրիլի 30-ը ներառյալ, կքննարկի Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի հարցը և կգա միասնական որոշման: «Ինչ որոշման էլ մենք հանգենք, դա պայմանավորված է լինելու բացարձակապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, Հայաստանի քաղաքացիների շահերի սպասարկմամբ` նկատի ունենալով ազգային անվտանգության և ներքին կայունության առաջնահերթությունը: Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, որտեղ պետության և հայրենիքի շահն ամենավերն է և մենք կառաջնորդվենք նժդեհյան հետևյալ սկզբունքով` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին` հնարավոր է, որ իրենց թեկնածուն չլինի ՀՀԿ-ական, այլ սատարեն մեկ այլ թեկնածուի, Շարմազանովը պատասխանեց. «Ես ասացի, մենք կքննարկենք, կգանք միասնական որոշման: Մեր որոշումը կլինի ազգային անվտանգության և ներքին կայունության շահը սպասարկելու ուղղությամբ: Հանրապետական կուսակցությունը պետական ուժ է, և մենք մինչև ապրիլի 30-ը կգանք որոշման և կներկայացնենք մեր հստակ որոշումը, թե ինչ ենք անում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը` շեշտելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում կողմերի միջև: «Այս պահին ես որևէ հստակ որոշման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի դեռ ընթանում են բավականին ինտենսիվ բանակցություններ: Վստահ եղեք, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք մեր որոշումը կունենանք և սահմանված կարգով` մինչև ապրիլի 30-ը, մինչև այն պահը, երբ պիտի առաջադրվեն վարչապետի թեկնածուները, մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց Զոհրաբյանը:
Խորհրդարանական «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ դաշինքը պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, սակայն այդ հարցում չեն շտապում. ««Ելք» դաշինքը պատրաստ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց երեկ ամբիոնից հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի բոլոր 4 խմբակցությունների թեկնածուն: Հիմա, կարծում եմ, պարոն Փաշինյանը բանակցությունների մեջ է մյուս երեք խմբակցությունների հետ: Արդյունքների մասին, ենթադրում եմ, որ մեզ կտեղեկացնեն»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ «Դաշնակցություն»-ը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Ազգային ժողովի նիստին ընդառաջ մեր որոշման մասին տեղեկատվություն կստանաք»: Հարցին` հնարավո՞ր է ՀՅԴ-ն որոշում կայացնի սատարել Նիկոլ Փաշինյանին, Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ և քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ: «Հարցերի բավականին մեծ շրջանակ ունենք, որոնց վերաբերյալ հետաքրքիր են պարոն Փաշինյանի և նրա կողմնակիցների մոտեցումները: Նաև այդ քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև չբացառեց, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի սեփական թեկնածուին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր