Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած       Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 մայիս 2018 12:35

«Գետի հերն անիծել են». Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետը` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը պահանջում է «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերությունից վերացնել բնապահպանական խնդիրները եւ փոխհատուցում տալ պատճառված վնասների դիմաց, հաղորդում է «ԷկոԼուրը»: 
«Ես տեսնում եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվում, դրել, հերն անիծել են գետի: Այդ գետում պետք է ջուր լինի, ձուկ լինի, ամբողջ ջուրը վերցրել են, անգամ անասուններին ջրելու համար ջուր չկա», - էկոլուրի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Նա նշեց, որ կան բնակիչներ, որոնց հողատարածքում ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ հենասյուներ են տեղադրել, խոստացել են փոխհատուցում տալ, բայց մինչ օրս չեն տվել:
«Այդ ՀԷԿ-ը խեղել է մեր բնությունը, Մարտունի գետում անգամ գորտ չի մնացել: Մենք այստեղ 8 ամիս ձմեռ ենք անցկացնում, այս ջրի եւ ձկան համար ենք մնացել: Ինչի՞ են եկել, տանում մեր ռեսուրսը, ո՞րն է մեր օգուտն այդ ՀԷԿ-ից», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը:
Նա պնդեց, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է անօրինական, հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ չեն անցկացվել: ՓՀԷԿ-ի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շինարարությունն ավարտվել է:
«Մենք ՀԷԿ-ի ջուրը չենք փակել, բայց նախազգուշացրել ենք իրենց, որ գան, բոլոր թղթերը բերեն, տեսնենք` պահպանվե՞լ է օրենքի տառը, իրավունք ո՞ւնի այդ ՀԷԿ-ն աշխատելու: Կստուգենք ամեն ինչը, հետո կորոշենք` թողնում ենք աշխատի, թե` ոչ, - ասաց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ հավելեց, - ոչ մի խոստում չեն կատարել, համայնքի համար ոչինչ չեն արել, մի քանի կոպեկ հողի վարձ են տալիս ու վերջ»:
Հարցին` ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել այս խնդիրները, քաղաքապետը պատասխանեց. «Նախկինում գիտեինք, որ դրանք չեն լուծվելու, իսկ հիմա վստահ ենք` մինչեւ վարչապետ հասնելու է մեր բողոքը»:
Մարտունեցիները ՓՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին:
«Մարտունի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լճի ավազանում՝ Սեւանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2016 թ-ին մոնիտորինգ է իրականացրել «Մարտունի» փոքր ՀԷԿ-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր