Փաշինյանը վճռական է. արտոնյալ մարդիկ չպիտի լինեն. Օսիպյանը խոստացավ այսօր անուններ հրապարակել

«Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը:
Ն.Փաշինյանը նշեց, որ երբ քաղաքական շարժման պրոցեսում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, տեսագրությունը համացանցում տարածված է,սակայն պարզվում է, որ հարուցված գործը կարճվել է, ինչո՞ւ:
Ըստ նրա` նման գործելակերպին պետք է վերջ տալ, արտոնյալ մարդիկ չպիտի լինեն:
Դիմելով ոստիկանապետին` վարչապետը նշեց, որ այդ պրակտիկային պետք է վերջ տալ, այդ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ գնում ենք այդ ճանապարհով.
Ն.Փաշինյանը նշեց, որ կարճման որոշումը պետք է ստուգվի, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, այն օրենքի հետ կապ չունի:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ «Սիթիի» մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք հանդես էին գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:
Ն.Փաշինյանը նշեց, որ բռնության դեպքերը պետք է բացառվեն և բոլոր դեպքերը պետք է մինչև վերջ քննության արժանան. «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն` տվյալ դեպքում դա բացարձակ կապ չունի` քաղաքական որ թիմից է, որ կուսակցությունից է»:
Պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն:
Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց շատ արագ լուծել խնդիրը:
Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ բոլոր գործերով ստուգումներ են իրականացվում, անձնանց ինքնությունը պարզելու համար կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և առաջին անձանց անունները այսօր, ըստ ամենյանի, կհրապարակվեն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համար ևս շատ տարօրինակ է այդ գործի կարճումը, քանի որ ինքն էլ է ներկա եղել դեպքի վայրում և կոչ արեց իրեն որպես ականատես վկա ներգրավել գործում: