Իսրայելի վարչապետի որդին Instagram-ում հայհոյել է Թուրքիային
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, «Instagram»-ի իր էջում հայհոյել է Թուրքիային։ Նա իր էջում լուսանկար է տեղադրել Թուրքիայի դրոշով, որի վրա գրված է եղել «Fuck Turkey»:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նման գրառման պատճառ կարող էր լինել թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որի հետևանքով Նեթանյահուի և Էրդողանի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են։
Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետի որդու «Instagram»-ը էջը փակվել է։
Նշվում է, որ Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով Իսրայելի վարչապետը և Թուրքիայի նախագահը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց։ Այն բանից հետո, երբ Էրդողանը պաշտոնական Թել Ավիվին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ, Իսրայելի վարչապետն ի պատասխան ասաց.
«Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»։
Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: