Նախատեսվում է վերականգնել ԼՂ բանակցային գործընթացը. Զոհրաբ Մնացականյան

Մնացականյանի խոսքով՝ նրանց համար շատ կարեւոր է այդ գործընթացի դինամիկան պահպանել, որովհետեւ դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակել խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ «Դա արտահայտվել է ե՛ւ վարչապետի կողմից ե՛ւ տարբեր առիթներով մեր կողմից։ Մեզ համար շատ էական է դինամիկան պահպանելը։ Մենք պայմանավորվեցինք, որ մոտակա ժամանակներս մեզ հնարավորություն կտրվի հանդիպել եւ վերականգնել ամբողջ գործընթացը»,–ասել է ԱԳ նախարարը։
Միաժամանակ, նա նշել է, որ իրենք հնարավորություն ունեցել են խոսելու համանախագահների հետ, եւ արդեն կապի մեջ են այն առումով, որ հեռախոսազրույց են ունեցել։ Համանախագահները տեղեկացրել են ադրբեջանական կողմի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին։ Մնացականյանի փոխանցմամբ, հունիսին նախատեսվում է վերականգնել այդ գործընթացը։