Եթե ԿԳ նախարարը չփոխի դիրքորոշումը, ես ու կինս կվերանայենք մեր կրթական նվիրատվությունները

Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այբի հետ կապված... Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...»:
Այսօր, «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԿԳ նախարարի գրառմանն ու հանձնարարությանը, նշել է, որ նախարարը պետք է վերանայի իր մոտեցումները.
«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, եւ նախորդ տարի որոշել ենք Հայաստանի եւ «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:
Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երեւույթներ են: Մենք մեծ հույսով հետեւում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Բայց կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաեւ «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:
Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես եւ Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:
Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Յանը: