Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

26 մայիս 2018 14:44

Թավշյա հեղափոխության օրերին փորձ է արվել բանակն օգտագործել ցուցարարների դեմ

Թավշյա հեղափոխության օրերին փորձ է արվել բանակն օգտագործել ցուցարարների դեմԱպրիլի 23-ին, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո Արշակունյաց պողոտայում շարժմանը մոտ 100 խաղաղապահների միացումը ու դրան հետևած իրադարձությունները բացահայտում են նախկին իշխանությունների մտադրությունները: Այն է՝ խաղաղապահներին օգտագործել ցուցարարների դեմ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ խաղաղապահները զանգվածաբար լքել են զորամասը և հրապարակավ միացել ցուցարարներին:   

Այս իրողությունը Forrights.am-ին հաջողվեց պարզել այն բանից հետո, որ ֆեյսբուքյան տիրույթում ստորագարհավաք մեկնարկեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի՝ մայիսի 9-ի հրաժարականը չընդունելու պահանջով: Դրանում ներկայացված էին փաստեր, թե որ իրադարձություններից և ինչի արդյունքում է հրամանատարը հրաժարականի դիմում ներկայացրել:  


Դրանում մասնավորապես գրված է, որ զորամասի հրամանատարը հրահանգավորել էր ենթականերին, բացատրել և ձեռք բերել համաձայնություն, որ զինված ուժերի ներգրավվումը ընթացող գործընթացներին անթույլատրելի է: Սակայն տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դրդել են խաղաղապահներին դուրս գալ զորամասից ու միանալ ցույցին:   «Նույն օրը՝ ապրիլի 23-ին, զորամաս ժամանեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Հատուկ տակտիկական պատրաստականության» դասախոս, մայոր Ֆռանգյանը (թերևս խոսքը Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի մասին է-Մ.Խ.) և զինվորականների հետ փորձեց անցկացնել «Ամբոխի ցրման և ուժի կիրառման» վարժանքներ: 


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուրեր էին պտտվում ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի անձնակազմին ոստիկանական համազգեստ բաժանելու և ժողովրդի դեմ հանելու վերաբերյալ, զինծառայողներն ընդվզեցին և լքեցին զորամասը»,-գրված է ստորագրահավաքի տեքստում:  Ըստ այդմ՝ «զորամասի հրամանատարը խոստացել էր չպատժել զորամասը լքած զինծառայողներին, սակայն նրան պարտադրեցին անել դա, որը և պատճառ հանդիսացավ նրա հրաժարականի դիմում ներկայացելուն»:   


Պաշտպանության նախարարություն ուղղված մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հաստատեցին, որ զինվորների հետ նման վարժանքներ կատարվել են: ՊՆ-ին խնդրել էինք պատասխանել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը, ի՞նչ է պարզել քննությունը, եթե այո, արդյոք օրենքի ո՞ր կետի համաձայն է ոստիկանության մայորը նման վարժանքներ անցրակցրել ՊՆ զորամասում: Ինչպես նաև՝ ի՞նչ նպատակով են վարժանքներն անցկացվել, և ի՞նչ գործողությունների համար էին պատրաստում զինվորներին:   


«18.05.2018թ. ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկած Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ. ՀՀ զինված ուժերի խնդիրները և այլ պետական մարմինների հետ համագործակցությանն առնչվող հարաբերությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներում: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը իրավասու է անցկացնել համապատասխան վարժանքներ վերը նշված օրենքների շրջանակներում»,-ասված է 


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրավոր պատասխանում:   Սա նշանակում է՝ ՊՆ-ն հաստատում է, որ Փաշինյանի ձերբակալության ժամանակ խաղաղապահների բրիգադում ոստիկանության մայորը «ամբոխի ցրման և ուժի կիրառման» վարժանքներ է իրականացրել զինվորների հետ: Մեր կրկնակի հարցմանը ՊՆ-ից այդպես էլ չհստակեցրին, թե ի՞նչ նպատակով են վարժանքներն անցկացվել, և ի՞նչ գործողությունների համար էին պատրաստում զինվորներին, հակապես, որ հայտարարվել էր, որ բանակը չի միջամտելու ներքաղական գործընթացներին:   


«Ներքին թշնամի հայոց բանակը երբեք չպետք է ունենա». 


ՊՆ նախկին փոխնախարար   ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ խաղաղապահներին նախապատրաստվել է օգտագործել արտակարգ դրություն  հայտարարելու ժամանակ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այդ օրերին պատրաստվել է արտակարգ դրություն հայտարարել և օգտագործել զինված ուժերը՝ համաժողովրդական շարժումը ճնշելու համար:     


«Պատրաստվել է նախապատրաստական ինչ-որ գործողություն, որը ոստիկանության հետ համատեղ պետք է իրականացվեր»,-տեսակետ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարարը՝ հավելելով. «Կարծում եմ՝ դա սխալ է, չնայած այսօրվա օրենքներով դա արդեն հնարավոր է անել, իսկ նախկինում՝ 2008 թվականին, այդպիսի բան հնարավոր չէր: Որոշ մարդկանց մտքով անցել է, որ բանակը կարելի է ներքաղաքական գործընթացների մեջ նորից օգտագործել որպես ծայրահեղ միջոց: Կարծում եմ, սխալ է, որ երբևիցե որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ բանակը պետք է մոտեցնել ոստիկանական գործողություններին: Արդյունքը ինքներս տեսանք»:   


Արդյունքը, ըստ Քոչարյանի, հանգեցրեց նրան, որ խաղաղապահ զորամասի զինվորները, որպես բողոքի նշան, լքեցին զորամասը: «Դա շատ բնական է, որովհետև զինվորականը երբեք իրեն ոստիկանական գործառույթների մեջ չի կարող պատկերացնել: Բանակը նախատեսված է արտաքին թշնամու դեմ պայքարելու համար: Ներքին թշնամի հայոց բանակը երբեք չպետք է ունենա»,-ասաց Քոչարյանը:   Նրա խոսքով՝ նման հրահանգավորում կարող էր տալ կամ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. 


«Ոչ ոք ինքնագլուխ այդպիսի հրահանգ չէր կարող իջեցնել խաղաղապահ զորքերի հրամանատարին: Այնպես որ, էստեղ երկու կարծիք լինել ի կարող:»:   ՊՆ նախկին փոխնախարարը նաև կարծում է, որ զինված ուժերի կիրառման մասին փոփոխված սահմանադրական նորմը պետք է վերանայվի: 


«Եթե նախկին Սահմանադրությամբ հստակ արգելված էր  բանակի ներգրավվումը արտակարգ դրության ժամանակ, նոր Սահմանադրությամբ այդ հնարավորությունը տրված է: Նախկինում բանակը կարող էր օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ: Կարծում եմ՝ սահմանադրական այդ նորմը վերանայելու շատ լուրջ խնդիր կա»,-շեշտեց Քոչարյանը:     Ինչ վերաբերում է խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանի հրաժարականն ընդունել-չընդունելու հարցին, ՊՆ խոսնակն այդ առթիվ պատասխանել է. 


«Պաշտոնից ազատվելու դիմումի ներկայացման շարժառիթները առաջարկում եմ պարզել գնդապետ Վ.Սարգսյանից: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների նշանակումն իրականացվում է ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ»:   


Հ.Գ. Արդոք պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստ է պատասխան տալ, թե ի՞նչ նպատակով և ո՞ւմ հրահանգով էր ոստիկանության մայորին նման վարժանքների ուղարկել խաղաղապահ բրիգադ, ինչն էլ կարող էր սաբոտաժի պատճառ  դառնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր